Այսօր լրանում է Reuters գործակալության 160-ամյակը:
Գործակալությունը, որի լրագրողներն առաջինը ամբողջ աշխարհին տեղեկացրին ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի մահվան և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի մասին, հիմնադրել է Ջուլիուս Ռոյթերը: Նա սկզբում օգտագործել է աղավնիներին Աահենից Բրյուսել բորսային հաղորդագրություններ փոխանցելու համար: Դա 1848թ. էր, երբ Ռոյթերը Փարիզի մի քանի գերմանական թերթերում լրագրող էր աշխատում: Սակայն ապագա գործակալության առաջին գրասենյակը նա բացեց ոչ թե Փարիզում, այլ Լոնդոնում` 1851թ.:
Սկզբնապես գործակալությունը զբաղվում էր բորսային նորություններ փոխանցելով, ավելի ուշ միայն անցել է քաղաքական հաղորդագրություններին: Արդեն 1858թ. Reuters-ը դարձել էր լոնդոնյան բոլոր առաջատար թերթերի, այդ թվում Times-ի գլխավոր մատակարարը:
Գործակալությունն իր հիմնական եկամուտը ստանում է ոչ թե նյութերի վաճառքից, այլ պրոֆեսիոնալ, շուկայական ոլորտում աշխատող կարևորագույն ինֆորմացիայի, ֆինանսական և ապրանքային շուկաների մասին վերլուծական հոդվածներից: Գործունեության այս սեգմենտը ապահովում է նրա եկամուտների 90%-ը:









































