Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում գտնվող վարչապետական նստավայրի աշխատանքային գրասենյակում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելլեի հետ, որից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման հիմնական առարկան հանդիսացել է օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հնչեցրած այն մեղադրանքը, թե գերմանական հիմնադրամները թուրքական և քրդական ընդդիմադիր կուսակցությունների միջոցով ֆինանսավորում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։
Վեստերվելլեն նշել է, որ տվյալ խնդրի շուրջ զրուցել է Էրդողանի հետ. «Այս հարցում մի շարք թյուրիմացություններ են տեղի ունեցել։ Գերմանական կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարին։ Գերմանական կառավարությունը ոչ մի կերպ չի աջակցում ահաբեկչությանը։ Մեկ տարի առաջ Գերմանիայի Գերագույն դատարանը PKK-ն ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն։ Եվրոպայում PKK-ն դիտարկում են որպես ահաբեկչական կազմակերպություն»։
Դավութօղլուն իր հերթին հերքել է, թե Էրդողանն ասել է, որ գերմանական հիմնադրամները ֆինանսավորում են PKK-ին՝ հավելելով, որ իրենց հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում և խնդիրներ չեն առաջացել։
Հիշեցնենք, որ Էրդողանի վերոնշյալ մեղադրանքից հետո դիվանագիտական նորմերի շրջանակներում նրան կտրուկ պատասխանել էր Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոհլը՝ ընդգծելով, որ Գերմանական զարգացման բանկը Դիարբեքիրի քաղաքապետարանին միջոցներ է հատկացրել թուրքական կառավարության ու գանձապետարանի թողտվությամբ։









































