Երեկ Գյումրիում լույս տեսավ վերջին 20 տարիների առաջին օրաթերթը՝ «Ասպարեզը»: 1991 թվականին Գյումրիում դադարել էր գործել ԽՍՀՄ «Բանվոր», այնուհետև «Կումայրի» օրաթերթը, որից հետո շուրջ 20 տարի Գյումրին և Հայաստանի մարզերը օրաթերթ չեն ունեցել: «Ասպարեզ»-ն առաջին օրաթերթն է ոչ միայն Գյումրիում, այլ նաև Հայաստանի մարզերում:
«Առաջին լրատվականը» Գյումրիի առաջին օրաթերթի` «Ասպարեզի» մասին զրուցեց Գյումրիի «Ասպարեզ» մամլո ակումբի հիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանի հետ, ով տեղեկացրեց, որ օրաթերթ հիմնադրելու գաղափարը «Ասպարեզ» ակումբի հիմնադրման հետ համատեղ է ծագել և ունի 12 տարվա պատմություն, սակայն հետաձգվել է գաղափարը, քանի որ հասկացել է, որ պետք է ունենալ սեփական տպարան` հատուկ օրաթերթի համար, որն այսօր արդեն գործում է:
Տեղեկացնենք, որ Լևոն Բարսեղյանը և «Ասպարեզ» ակումբի անդամները 9 ամիս շարունակ աշխատել են օրաթերթի տեխնիկական և կադրային բազան նախապատրաստելու, փոքրիկ տպարան հիմնելու համար: Օրաթերթի լրագրողներն ընտրվել են մրցութային կարգով: Լ.Բարսեղյանի տեղեկացմամբ` պայմանն է եղել համակարգչային իմացությունը, բարձրագույն կրթությունը, սոցցանցերում ակտիվ լինելը և այլն: Եղել է 37 դիմում, որից ընտրվել են 12 հոգի, որոնք 3 ամիս հատուկ վերապատրաստման դասընթաց են անցել, որից հետո մնացել են 7 հոգի, 7 բարձրագույն կրթությամբ ակտիվ լրագրողներ:
«Սկզբնական շրջանում նախատեսել ենք և տպագրում ենք 500 օրինակ, որը պետք է սպառվի Գյումրիում և Հայաստանի մարզերում: Հույս ունենք առաջին ամսվա ընթացքում երկու-երեք հարյուր տպաքանակ սպառել, հետո ամեն ամիս հարյուր տպաքանակով կավելացնենք օրաթերթը՝ այն հաշվով, որ մեկ տարվա ընթացքում կարողանանք հասցնել հազար օրինակի»,- նշեց Լ.Բարսեղյանը` հավելելով, որ Երևանում թղթակից ունենալու դեպքում անպայման օրաթերթը կառաքվի նաև Երևան և Վանաձոր: Լ.Բարսեղյանը ենթադրում է, որ մեկ տարվա ընթացքում «Ասպարեզն» անպայման կտարածվի ամբողջ Հայաստանով մեկ:
Ըստ օրաթերթի գլխավոր խմբագրի` երկար տարիներ Գյումրին օրաթերթ չուներ, իսկ երևանյան օրաթերթերը կամ չեն հասնում Գյումրի, կամ շատ ուշ են հասնում և քիչ են անդրադառնում Գյումրիի քաղաքային կյանքին:
Անդրադառնալով «Ասպարեզ» օրաթերթի բովանդակությանը` նա ասաց, որ գրեթե կիսով չափ Գյումրին է, մեկ քառորդի չափ` Հայաստանը, նույնքան` աշխարհը, «Մեր թերթն ունի քաղաքային օրաթերթի ուղղվածություն և «Ասպարեզ» ակումբի կերպարի արտացոլումն է: Իհարկե, լինելու է անդրադարձ քաղաքական հարցերին, տնտեսական, սոցիալական, աշխատում ենք բոլոր ոլորտներին անդրադառնալ: Ցանկանում եմ այնպես լինի, որ գյումրեցիները այս թերթը զարկերակի նման ունենան իրենց ձեռքի տակ»,- մեկնաբանեց Լ.Բարսեղյանը:
Նշենք, որ «Ասպարեզ» օրաթերթի անդրանիկ համարում լրագրողներն անդրադարձել են Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպմանը, եղել է հոդված իրավապաշտպանների` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին հոդված, Facebook-յան բանավեճերից քաղվածքները նույնպես տեղ են գտել օրաթերթի առաջին համարում և այլ հետաքրքրական նյութեր գյումրեցիների կյանքից և առօրյայից:










































