«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի համապատասխան դիմումից հետո զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որոշ դրույթներ հակասահմանադրական կճանաչի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է լրատվամիջոցների դեմ տուգանքների կիրառմանը և գտնում է, որ համակարգում պետք է գործի բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը: «Եթե նախկինում ԶԼՄ-ներից շուրջ 200 հազար դրամի փոխհատուցում էր պահանջվում, ապա այժմ գումարի չափը հասնում է միլիոնավոր դրամների: Օրենքն այս առումով պետք է հստակ չափորոշիչներ սահմանի: Բացի այդ, հստակ չափորոշիչներ պետք է սահմանվեն նաև այն մասով, թե որն է վիրավորանք, որը զրպարտություն: Մանավանդ, այս առթիվ բազմաթիվ անգամներ իրենց տարակուսանքն են հայտնել նաև միջազգային կառույցները»,- նկատեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչը:
Ամփոփելով` Նիկոլայ Բաղդասարյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի` վերոնշյալ խնդրով ՍԴ դիմելուց հետո լրատվամիջոցների դեմ հարուցված գործերը կկասեցվեն:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով Քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում էր պահանջում օրաթերթից՝ 3 մլն դատական ծախսերի համար, ևս 3 մլն՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցվորների փոխհատուցման պահանջը` որոշելով հօգուտ նրանց 3 միլիոն փոխհատուցել` պահանջված 6-ի փոխարեն:
Հիշեցնենք նաև, որ ՄԻՊ-ը զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այսօր` հոկտեմբերի 13-ին, դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:









































