Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ռազմավարական համագործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Նախարարներն ընդգծել են, որ քաղաքական երկխոսության և փոխադարձ աջակցության բարձր մակարդակը Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև կարևորել են համագործակցության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակի, հետհակամարտային գործընթացների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։









































