Հայաստանում թիվ մեկ թեման շարունակում է մնալ ֆուտբոլը, Հայաստանի հավաքականը, Իռլանդիայի հավաքականի հետ վերջին հանդիպումն ու մրցավար Իտուրալդո Գոնասելիս կոպիտ սխալը: Խաղն արդեն ավարտվել է, Հայաստանի հավաքականը դուրս է մնացել հետագա պայքարից, տղաները վերադարձել են Հայաստան, ուր, ի պատիվ նաև մեր երկրպագուների, նրանց դիմավորել են ծափահարություններով, քանի որ մեր հավաքականը արժանիորեն վաստակել է այդ ծափահարությունները:
Իսկ ֆուտբոլային կրքերը Հայաստանում չեն մարում, և այսօր ամբողջ օրը սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում թեման ֆուտբոլն էր, Հայաստան-Իռլանդիա խաղն ու մրցավարի կոպիտ սխալը, որը Հայաստանի հավաքականին հասցված մեծ հարված էր: Այդ թեման զգալի տեղ ուներ նաև Եվրո 2012-ի ընտրական մրցաշարն ամփոփող միջազգային լրատվամիջոցներում: Աղմուկը իսկապես մեծ էր, մրցավարական սխալն իսկապես ցցուն և կոպիտ, նույնիսկ բիրտ: Բայց այդ ամենի մեջ կարծես թե նկատվում է անիմաստ մի աղաղակ այն մասին, թե տեղի ունեցածը կազմակերպված էր և Հայաստանի հանդեպ սխալն արեցին, որպեսզի Իռլանդիայի հանդեպ նախորդ տարի արված սխալը հատուցեն:
Այսինքն, մենք գործ ունենք միջազգային դավադրության հետ, ըստ հայաստանյան միջավայրում տարածված շատ կարծիքների: Ավելին, այդ կարծիքը հավակնում է նույնիսկ գերիշխող դառնալ: Մինչդեռ սրանով մեր մեջ ընդամենը գերիշխելու է գավառականությունը, գավառական փոքրությունը, երբ մենք ամենուր դավադրություն ենք տեսնում մեր դեմ: Մենք չգիտենք, կա այդ բանը, թե ոչ, որովհետև ապացույցներ չկան, կան ընդամենը բարդութավորված ազգի բնազդներ, որով մենք ամենուր դավադրություն ու թշնամի ենք տեսնում:
Մինչդեռ այդպես հեռու չենք գնա: Այդպես ընդամենը կլճանանք, ինչպես լճանում ենք մեր կյանքի բոլոր ոլորտներում, երբ ասենք բանակի, կամ որևէ այլ պետական համակարգի արատները քննադատողներին մեղադրում են այդպիսի մի դավադրության մեջ լինելու համար, թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար: Հիմա այդ հիվանդությունը հասնում է ֆուտբոլ, այն էլ այն կարևոր պահին, երբ թվում է, որ ֆուտբոլն առողջանում էր, գոնե ֆուտբոլը, գոնե մի քիչ առողջանում էր:
Պետք է մեկընդմիշտ դադարեցնել այդ դավադրություն որոնելու բարդույթը: Եթե կան փաստեր, ապա դրանք պետք է մեջտեղ բերվեն և մրցավարը և պատվիրատուները պատասխան տան, իսկ եթե փաստեր չկան, ապա մենք կարող ենք սխալի համար ինչ ասես ասել մրցավարին, բայց մենք իրավունք չունենք այս անգամ էլ ինքնամոռաց տրվել դավադրությունների տեսությանը, թուլանալ ու հաճույք ստանալ մեր բնազդներից, որոնք մշտապես զարգացնում ենք մեր գիտակցության հաշվին: Մի աղավաղեք Հայաստանի հավաքականի մարզական հաջողությունը այդ դավադիր տեսությունների մասին հիվանդագին երևակայական խաղերով: Այդ կամա, թե ակամա խաղերով մի փչացրեք Հայաստանի հավաքականի խաղից ստացված հիանալի տպավորությունը:












































