News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին պետ, «Վրաստանի երկաթե տիկին» Նինո Բուրջանաձեի ամուսին Բադրի Բիցաձեի նախկին հեռակա պատժաչափը։
Այս մասին հայտարարել է Բիցաձեի փաստաբան Լևան Սամուշիան։ Վերջինս նշել է, որ դա ապօրինի ու անարդարացի որոշում է և խոսում է այն մասին, որ այսօրվա Վրաստանում դատարանն անկողմնակալ չէ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Բիցաձեին մեղավոր էր ճանաչել 353-րդ հոդվածի 2-րդ կետով (խմբի կողմից ցուցաբերված դիմադրություն, հասարակական կարգը պահպանողների և իշխանական այլ ներկայացուցիչների վրա բռնության գործադրում կամ սպառնալիք)՝ հեռակա կարգով նրան դատապարտելով 5 տարի և 6 ամսվա ազատազրկման։
Ավելի վաղ Բուրջանաձեն խոստացել էր հետախուզման մեջ գտնվող իր ամուսնու գործն ուղարկել Ստրասբուրգ։









































