Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանի հարավում գտնվող խաչակիրների Բոֆոր ամրոցի նկատմամբ, РБК-ի փոխանցմամբ` X սոցիալական ցանցում այս մասին գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իմ ցուցումով ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է զորաշարժերը Լիբանանում, հատել Լիտանի գետը և գրավել Բոֆորի լեռնաշղթան՝ Գալիլեայի բնակավայրերի պաշտպանության և մեր ուժերի անվտանգության ապահովման համար կարևորագույն ռազմավարական կետերից մեկը»,- նշել է Կացը։
Նախարարը նշել է, որ ՑԱԽԱԼ-ը վճռականորեն տրամադրված է «ջախջախելու «Հըզբոլլահի» հզորությունը»՝ հյուսիսի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ «Սա հստակ ազդանշան է մեր թշնամիներին. նա, ով սպառնում է Իսրայելի քաղաքացիներին, մեկը մյուսի հետևից կկորցնի իր ռազմավարական ակտիվները», – հայտարարել է Կացը։
Բոֆոր ամրոցը (Շաքիֆ Արնուն) կառուցվել է խաչակիրների կողմից XII դարում։ Գտնվում է Լիբանանի հարավում՝ Նաբաթեայում, Հերմոն լեռան մոտակայքում՝ Լիտանի գետի վերևում, Բեյրութից 100 կմ հեռավորության վրա: 1982 թվականին Բոֆորը գրավվել է ՑԱԽԱԼ-ի կողմից «Խաղաղություն Գալիլեայում» գործողության շրջանակներում և օգտագործվել որպես ռազմաբազա։ 2000 թվականին իսրայելցի զինվորականները լքել են այս տարածքը, իսկ ամրություններն ու բունկերները պայթեցվել են։ Դրանից հետո ամրոցի տարածքներն անցել են «Հըզբոլլահի» վերահսկողության տակ։







































