Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ամերիկաբնակ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց խոր դժգոհությունն են հայտնում հոկտեմբերի 3-ին CNN հեռուստաալիքով Worldview ծրագրի հեռարձակման կապակցությամբ։ Հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի պատրաստած այդ ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես հայկական տարածք և ցուցադրվել է այնտեղ հայտնաբերված մի հին քաղաք։
ԱՄՆ ադրբեջանական համայնքը սա որակել է որպես CNN-ի «կոպտագույն սխալ»։ Ամերիկաբնակ մոտ 500 ադրբեջանցիներ բողոքի նամակ են ուղարկել ծրագրի հեղինակ Գիլյերմո Արդինիոյին։ Այդ նամակում նրանք իրենց անհանգստությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնելու կապակցությամբ։
Բացի այդ, ամերիկաբնակ ադրբեջանցիները պատրաստակամություն են հայտնել ծրագրի հեղինակներին փոխանցել հակառակն ապացուցող «պատմական փաստեր», որպեսզի ծրագիրն ուղղի իր «սխալը»։