Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է համաչինական ժողովրդական ներկայացուցիչների ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզիի հետ։
Հանդիպման ընթացքում Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել չինական կողմին Վրաստանի սուվերենության ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և վերահաստատել Թբիլիսիի հավատարմությունը «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել խորհրդարանական դիվանագիտությունը, բարեկամական խմբերի ու կոմիտեների միջև կապերը։
Բանակցությունների առանցքային թեմաներից են եղել առևտրատնտեսական հարաբերությունները (Չինաստանը Վրաստանի խոշորագույն չորս առևտրային գործընկերներից է), չինական ներդրումներն ու ընկերությունների ակտիվ մասնակցությունը վրացական ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումն ու ուղիղ չվերթների ընդլայնումը։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Վրաստանի տրանսպորտային ու տարանցիկ ներուժին. Պապուաշվիլին ընդգծել է «Միջին միջանցքի» (Middle Corridor) կարևորությունը, որը ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին դարձել է ավանդական «Հյուսիսային միջանցքի» ամենաարդյունավետ այլընտրանքը։
Հանդիպման ավարտին վրացական պատվիրակության ղեկավարն իր չինացի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Վրաստան։











































