Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը մարտի վերջին գաղտնի հարվածներ են հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան թագավորության ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումների։
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան և իրանական պաշտոնական աղբյուրներին, սա հայտնի առաջին դեպքն է, երբ Էր-Ռիադն ուղղակի ռազմական գործողություն է իրականացրել իր տարածաշրջանային մրցակցի հողում։
Այս քայլը վկայում է Սաուդյան Արաբիայի ռազմավարության փոփոխության մասին, որն այժմ պատրաստ է սեփական ուժերով պատասխանել հարվածներին՝ չսահմանափակվելով միայն ԱՄՆ-ի «ռազմական հովանոցի» պաշտպանությամբ։
Չնայած ռազմական գործողություններին, կողմերին հաջողվել է խուսափել լայնածավալ պատերազմից։ Ըստ Reuters-ի՝ հարվածներին հաջորդել է ինտենսիվ դիվանագիտական երկխոսություն, որի արդյունքում Թեհրանն ու Էր-Ռիադը ձեռք են բերել դեէսկալացիայի ոչ պաշտոնական համաձայնություն։
Մասնագետների գնահատմամբ՝ սա կողմերի պրագմատիկ ընտրությունն էր՝ կանխելու տարածաշրջանային անկառավարելի հակամարտությունը, ինչից հետո Իրանից ուղղակիորեն արձակվող հրթիռների և դրոնների թիվը կտրուկ նվազել է։
Այդուհանդերձ, թագավորությունը շարունակում է մնալ զգոն՝ բողոքի նոտաներ հղելով հարևան Իրաքին, որտեղից իրանամետ խմբավորումները շարունակում են թիրախավորել սաուդյան տարածքները։








































