Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը, պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե շուրջօրյա նստացույցերից հետո ո՞րն է լինելու ՀԱԿ-ի քայլը, նկատեց, որ այժմ ստեղծվել է անորոշության մթնոլորտ, երբ անհրաժեշտ է կայացնել այնպիսի որոշում և իրականացնել այնպիսի քայլեր, որոնք չեն փոշիացնի համակիրների զանգվածը:
Ըստ փորձագետի՝ շուրջօրյա նստացույցերը ցույց տվեցին, որ եղած հասարակական կոնսոլիդացիան չի բերում այնպիսի փոփոխության, որը հնարավորություն կտար հասնել արտահերթ ընտրությունների. «Ըստ էության, պարզ դարձավ, որ քաղաքական զարգացումները ընթանալու են դեպի հերթական ընտրություններ, քանզի հասարակական այն ալիքը, որը կար գարնանը, այսօր նվազել է և այդ նպատակին հասնելու համար բավարար չէ»:
Այդուամենայնիվ, ըստ Սարոյանի, հռետորաբանության առումով արտահերթ ընտրությունների պահանջը կշարունակվի մնալ ՀԱԿ-ի օրակարգում, առավել ևս նախագահական ընտրությունների հարցում:
Սարո Սարոյանը նշեց, որ հետագա քայլերն իրականացնելու համար ՀԱԿ-ն, իհարկե, շատ գործիքներ ունի, սակայն այսօր հարց է, թե ինչքանով դրանք արդյունավետ կլինեն. «Նստացույցի փուլը ցույց տվեց, որ այժմ էլ շարունակել առաջ գնալ նման քայելրով, կնշանակի փոշիացնել առկա ներուժը: Այդ տեսանկյունից ՀԱԿ-ի հետագա քայլերի և ճիշտ ռազմավարություն որդեգրելու հարցը խորը մտածելու տեղիք է տալիս»:
Ըստ փորձագետի՝ առաջիկայում ՀԱԿ-ը հավանաբար կմշակի նոր մարտավարությունը, որը միգուցե կենթադրի արդյունավետ միջոցներով հերթական ընտրություններին պատրաստվելու մեխանիզմների կիրառում:









































