«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Թուրքիայի ներկայիս իշխանություններից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի և կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասով բեկում, եթե իհարկե լինի, ապա միայն և միայն թուրք հասարակության ներսում: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Պատգամավորի խոսքով՝ թուրք քաղաքական գործիչները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և փակ սահմանների բացման մասով 21-րդ դարին անհարիր քաղաքականություն են իրականացնում: «Թուրքիայի գործող իշխանությունների մտածելակերպը բացարձակապես չի տարբերվում սրանից 100 տարի առաջվա իշխանությունների մտածելակերպից: Երբ Թուրքիան հասկանա, որ մենք միջնադարում չենք, որ Եվրոպայում փակ սահմաններ ունենալն ուղղակի նոնսենս է, և դրանք բացելը չպետք է կապել իր կեղտոտ նախապայմանների հետ, այն ժամանակ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ակնկալիքները գուցե ավելի մեծ լինեն: Իսկ մինչ այդ էական առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում իրատեսական չեմ համարում»,- ասաց պատգամավորը:
Ամփոփելով` Նաիրա Զոհրաբյանը կրկին նկատեց, որ ուզում է լավատես լինել և հույս ունենալ, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում բեկում կմտցնի թուրքական հասարակությունը:











































