«Լրագրողների պաշտպանվածությունը Հայաստանում պետք է առաջնային խնդիր դառնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Լրագրողը պետք է պաշտպանված լինի օրենսդրությամբ: Բացի այդ, քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների միջև կապերը էլ ավելի պետք է սերտացվեն, քանի որ համագործակցությունը մեր լուսավոր ապագային է միտված»,- շեշտեց նա:
Պատգամավորը միաժամանակ երախտագիտություն հայտնեց այն լրագրողներին, ովքեր սատարել և սատարում են հեռուսատաընկերությունների թվայնացման գործընթացին:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն իր հերթին նկատեց, որ եթե Հայաստանում կա որևէ կայացած ինստիտուտ, դա մամուլն է: «Դա կարելի է վերագրել քսան տարի ֆինանսական և այլ ճնշումների տակ աշխատող մարդկանց: Տարիներ շարունակ իշխանությունները մեզ խանգարել են մեր աշխատանքում: Միայն այն փաստը, որ լրատվամիջոցները նոր օրենքով առավել անպաշտպան են դարձել, ապացուցում է, որ մեր աշխատանքն անորոշ, պղտոր դաշտում է ծավալվում: Ես թերթում ստեղծագործ աշխատանքով գրեթե չեմ զբաղվում, ավելի շատ նայում եմ անխտիր բոլոր հոդվածների իրավական կողմին, որպեսզի այս կամ այն նյութի պատճառով դատարանում չհայտնվենք: Մամուը հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից՝ պետք է գրել այս կամ այն նյութի մասին, մյուս կողմից՝ տեղեկատվությունը շատ հաճախ թաքցվում է լրագրողներից»,- ասաց Արմինե Օհանյանը:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը ևս համաձայնեց «Հրապարակի» խմբագրի հետ` ընդգծելով, որ մամուլը մեր երկրում կայացած ինստիտուտ է: «Այլ բան է, որ ժամանակի հետ լրատվամիջոցներն ավելի սուբյեկտիվ դարձան, և պատկերը եղավ այն, որ դրանցից ոմանք որոշ մարդկանց ու կուսակցությունների կամքն են կատարում: Անկախության տարիների մամուլի ազատությունն այժմ չկա»,- տեսակետ հայտնեց պատգամավորը:
Ռուզան Առաքելյանն անընդունելի համարեց փաստը, որ 21-րդ դարում լրատվամիջոցներն օգտագործում են «ինչպես տեղեկացանք մեր իրազեկ աղբյուրներից» արտահայտությունը: «Ովքե՞ր են այդ իրազեկ աղբյուրները: Նման անորոշ ձևակերպումներով հագեցած լրատվությունը չի կարող դիմանալ դաշտի մրցակցությանը»,- պատճառաբանեց նա:
ՀՅԴ պատգամավորը նկատեց, որ հայաստանյան լրատվության մեջ պակասում են վերլուծական բնույթի հոդվածներն ու հաղորդումները:











































