«Արհեստական վիժեցումը շատ վատ է անդրադառնում կնոջ առողջության վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ. գ. թ., Մարինե Ոսկանյանը, ով խոսեց ընտրովի աբորտների, երեխայի սեռի նախածննդյան ընտրության դեպքերի մասին:
Ըստ մասնագետի` հղիության ընթացքում կինը պետք է երեք անգամ անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն, բայց ոչ սեռի որոշման, այլ ընդհանուր հետազոտման համար: «Սեռի պատճառով հղիության ընդհատում կա Հայաստանում: Մարդկանց քմահաճույքի արդյունքում արհեստական վիժեցում է կատարվում և վնասվում առողջությունը: Իմ պրակտիկայի ընթացքում հանդիպում եմ բազմաթիվ նման դեպքերի»,- նշեց Մ. Ոսկանյանը:
Անդրադառնալով օրեսդրական միջամտությանը և նախաձեռնությանը` ասաց, որ եթե լինի սեռի նախապես իրազեկումը արգելող օրենք, ապա անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան և կիմանան սեռը նախապես, բայց գոնե մասսայական բնույթ չի կրի, մինչև հասկանան, որ պետք չէ խախտել դեմոգրաֆիական հոսքը: Նա նաև տեղեկացրեց, որ ընտանիքի պլանավորման մեջ չի մտնում սեռի պլանավորումը, այլ անցանկալի հղիության կանխարգելումը:
«Բնությանը պետք չէ արհեստականորեն միջամտել: Եթե պետք է աղջիկներ ծնվեն, ուրեմն պետք է ծնվեն, պետք չէ հունը փոխել»,- ընդգծեց Մ. Ոսկանյանը:











































