News Georgia-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դիմելու է վրաց հանրությանը։ Այս մասին հայտարարել է նրա մամլո քարտուղարը։
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ին Իվանիշվիլիի առաջին հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել վրաց հասարակությունում և ոչ միանշանակ գնահատականի արժանացել։
Դրա համար էլ Իվանիշվիլին Հանրային հեռուստատեսության միջոցով հոկտեմբերի 14-ին դիմելու է վրաց հանրությանը, որում հանրությանը կիրազեկի քաղաքական սուբյեկտների, մեդիա միջոցների և այլ քաղաքական ինստիտուտների հանդեպ իր դիրքորոշումը։ Բացի այդ, նա պատասխանելու է նաև լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իվանիշվիլին հայտարարել էր, թե մտադիր է Վրաստանում ստեղծել անկախ և օբյեկտիվ մեդիա հոլդինգ, որում ամենաշատը գնահատվելու են լրագրողների արհեստավարժությունն ու սկզբունքայնությունը։
Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «տոտալ մոնոպոլիզմի» պատճառով է որոշել ստեղծել սեփական կուսակցություն և մասնակցել 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ հանուն դրա պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիությունից ու վաճառել Ռուսաստանում իր բիզնեսը։
Ի դեպ, Forbes-ի գնահատմամբ՝ 55-ամյա Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5.5 միլիարդ դոլար։ Այդ ցուցանիշով նա աշխարհի միլիարդատերերի թվում զբաղեցնում է 185-րդ, իսկ Ռուսաստանում՝ 24-րդ տեղը։










































