Հայ-թուրքական արձանագրությունները դարավոր թշնամի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձ էին, սակայն դրանք հենց նույն Թուրքիայի քայլերի արդյունքում տապալվեցին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Սակայն եղան նաև որոշակի դրական և բացասական արդյունքներ: Դրականի մասին խոսելիս՝ չենք կարող չնկատել, որ Թուրքիան ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև հանդես եկավ որպես ապակառուցողական դիրքորոշումներ ունեցող գործընկեր: Սա Թուրքիայի դիվանագիտության բացահայտումն էր միջազգային հասարակության աչքին: Բացի այդ, պարզ դարձավ, որ թուրքական կողմի` «զրո խնդիր հարևանների հետ» հայտարարությունը միայն կարգախոս էր:
Բացասական առումով, որոշակի տարաձայնություններ եղան Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Ի ուրախություն մեզ, այսօր, սակայն, այդ տարաձայնությունները չեզոքացված են»,- նկատեց թուրքագետը:
Նրա խոսքով՝ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի վրա ճնշումները շարունակվում են, և բոլոր սլաքներն ուղղված են հենց այդ երկրի դեմ: «Արձանագրություններն այս պահին գտնվում են սառած վիճակում, սակայն այս վիճակը չի կարող անվերջ տևել: Հաջորդ հստակ քայլը Հայաստանի ստորագրությունները դրանցից հետ կանչելն է: Այդ ռիսկն ամեն վայրկյան առկա է: Միաժամանակ՝ նման կտրուկ քայլերի առայժմ չարժե դիմել»,- նկատեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են Ցյուրիխում` 2009 թվականին:









































