Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ Հունաստանի տնտեսական ճգնաժամը և բյուջետային ծախսերի կրճատումը հանգեցրել են երկրի բնակչության առողջական վիճակի վատթարացմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Lancet ամսագրում տպագրված հոդվածում ասվում է, որ Հունաստանում ճգնաժամը սկսվելուց ի վեր ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք հերոին են օգտագործում, իսկ նրանցից շատերը զբաղվում են մարմնավաճառությամբ, որպեսզի գումար վաստակեն: Այդ ամենը հանգեցրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների թվի աճի:
Բացի այդ, համաձայն հունական խորհրդարանի ոչ պաշտոնական տվյալների` անցած տարի, 2009 թ. համեմատ, աճել է ինքնասպանությունների թիվը: Զեկույցում ասվում է, որ այս տարի ինքնասպանությունների թիվն էլ ավելի մեծ է լինելու: