Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայի երեք աստվածները. Գիտելիք, ազատություն, ճշմարտություն

Վերջին տարիներին Հայաստանի կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականության պայմաններում բնակչության արտագաղթին առնչվող իրոք լուրջ մտահոգություններ ունեմ: Մասնավորապես արտարժույթի հանդեպ նման քաղաքականության հետևանքը, կարծում եմ, կարող է լինել բնակչության ոչ գծային արտահոսքը: Նման քաղաքականության որդեգրման սկզբնական շրջանում արտագաղթը կարող է անգամ նվազել, սակայն հետո աճելու է և` հարաճուն տեմպերով: Էնպես որ` գոնե այս մի տեսանկյունից համակարգի կայունության մասին խոսք լինել չի կարող: Նման մտավախություն կա նաև երկրում կուտակված կապիտալի արտահոսքի հետ կապված: Ընդհանուր առմամբ` կուտակված կապիտալի և բնակչության արտահոսքերը միմյանց ուժեղացնելու հատկություն ունեն, որը նույնպես վկայում է համակարգի ոչ կայուն դինամիկան (սրան միևնույն ժամանակ օբյեկտիվ պատճառներով գումարվելու է և վերջին ընտրությունների, և մանավանդ` մարտի 1-ի իրադարձությունների պատճառած ցնցումը):

Նախկինում ընդունված էր համարել, որ բոլոր երկրները տնտեսական առումով շարժվում են միևնույն ուղղությամբ, աճի տեմպերը կախված են որոշակի գործոններից, բայց այլ հավասար պայմանների դեպքում թերզարգացած երկրները պետք է աճեն ավելի արագ, քան զարգացածները: Այսօր արդեն ընդունված և ապացուցված փաստ է, որ երկրներ կան, որոնք գտնվում են աղքատության թակարդում: Նման թակարդում գտնվելը նշանակում է, որ երկրի ներսում զարգացող գործոնները, որոնք դինամիկ տեսանկյունից փոխազդում են միմյանց վրա` երկրին թույլ չեն տալիս հաղթահարել այդ թակարդը (նախորդ դարի 50-ականներին Հարավային Կորեան ու Գանան մեկ բնակչի հաշվով նույն արտադրությունը ունեին, այսօր Կորեան տասն անգամ ավելին է արտադրում, քան նույն Գանան): Նման կարևորագույն գործոններից մեկը համարվում է տնտեսական և քաղաքական ինստիտուտների արդյունավետությունը:

Ոչ արդյունավետ ինստիտուտները կարող են պատահականորեն ներմուծվել արտասահմանից, ժամանակի ընթացքում իրենք իրենց վերարտադրել և սնանկացնել երկրի տնտեսությունը: Խնդիրն անգամ տխրահռչակ կաշառակերությունը չէ: Խնդիրը իրականում ավելի խորն է: Երբ աճում է հասարակական լարվածությունը` մատնանշելով, որ հասարակությունը զարգանում է մի ուղղությամբ, իսկ քաղաքական իշխանություն ունեցող էլիտան գնում է մեկ այլ ուղղությամբ, վերջիններիս համար իշխանությունը պահելու հիմնական միջոց է դառնում հասարակության տնտեսական նպատակաուղղված սնանկացումը: (Քաղաքագիտական գրականության մեջ տարբերակում են դե յուրե և դե ֆակտո քաղաքական ուժ հասկացությունները: Երբ այս ուժերը բաշխված են այնպես, որ դե ֆակտո քաղաքական ուժ ունեցողները ի վիճակի են փոխելու քաղաքական համակարգը, դե յուրե քաղաքական ուժ ունեցողները ստիպված են տնտեսական առումով սնանկացնել առաջիններին, հակառակ դեպքում իշխանափոխությունը անխուսափելի է):

Դասական տարբերակը առաջադեմ կոմունիկացիոն տեխնոլոգիաների, երկրում բոլոր տեսակի ենթակառուցվածքների զարգացումից գիտակցաբար խուսափելն է: Նման տեխնոլոգիաների ներմուծումը միևնույն ժամանակ կրիտիկական կարևորություն ունի արտադրության արդյունավետության և աշխատուժի արտադրողականության (այսինքն` աշխատավարձի) համար: Երբ Արևմտյան Եվրոպան գնում էր ժողովրդավարության զարգացման, մասնավոր սեփականության պաշտպանման ուղիով` միևնույն ժամանակ նպաստելով տեխնոլոգիական հեղաշրջմանը, Ռուսական և Ավստրո-հունգարական կայսրությունները վախենում էին անգամ կառուցել երկաթգծեր` համարելով, թե դա նպաստելու է ազգաբնակչության մոբիլիզացիայի աճին և սպառնալու է իրենց իշխանությանը: Պատմական արդյունքը հայտնի է. էնպես որ` իմաստ չունի այստեղ նշել: Խնդիրն այն է, որ բարձրագույն տեխնոլոգիաների ներմուծմանը խոչընդոտելը, կուտակված կապիտալը ներմուծվող և ոչ թե արտահանվող ոլորտում ներդնելը (և, որպես հետևանք, արտարժութային այն քաղաքականությունը, որ այսօր ունենք), ամենայն հավանականությամբ, քաղաքական և ոչ թե տնտեսական որոշում է: Այսինքն` տվյալ տնտեսական քաղաքականությունը տվյալ քաղաքական համակարգի հավասարակշիռ կետն է. այս առումով այս համակարգից որևէ շարժ սպասելն անիմաստ է:

Ծաղրն այն է, որ վիճակագրական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն բռնապետություններն են քիչ թե շատ երկար գոյատևում (խոսքս քաղաքացիական և ոչ ռազմական ռեժիմներին է վերաբերում), որոնք արտադրության աճ և ցածր գործազրկություն են ապահովում (դասական տարբերակներն են ԽՍՀՄ-ն, Ֆրանկոյի ռեժիմը Իսպանիայում): Սակայն այսօր Հայաստանում նման պայմաններ ապահովելը անհնար է` ելնելով ռեսուրսների և սահմանների հայտնի վիճակից: Հայաստանում միայն տեխնիկական հեղաշրջում է անհրաժեշտ, իսկ նման հեղաշրջումը ֆիզիկապես վտանգում է ներկայիս իշխանությունների գոյությունը: Այն համակարգը, որ այսօր փորձում են կառուցել Հայաստանում, ամենևին էլ նորամուծություն չէ: Այն արդեն երկար տարիներ գոյություն ունի Պակիստանում, որոշ լատինա-ամերիկյան և արաբական երկրներում: Նման համակարգի հիմնական շարժիչ ուժը ազգաբնակչության արժեքներն են: Մասնավորապես` երկիրը լքած քաղաքացիները չեն կարող հոգ չտանել իրենց ընտանիքների և այլ հարազատների մասին (մի բան, որ անհասկանալի է եվրոպացուն):

Այս առումով մենք իրոք մեր արժեքներով ավելի մոտ ենք այս երկրներին: Սակայն մի կարևորագույն գործոն կա, որով մենք ավելի շուտ համապատասխանում ենք եվրոպական ստանդարտներին: Դա ծննդաբերության մակարդակն է: Հայաստանը այս առումով ոչ Պակիստան է և ոչ էլ Լատինական Ամերիկա: Սա նշանակում է, որ նման համակարգը Հայաստանում հաստատվելու դեպքում կարող է գոյատևել մեկ սերունդ ևս և` վերջ: Ուրախությամբ պետք է ասեմ, որ ծննդաբերության մակարդակը մեր միակ նմանությունը չէ Արևմտյան Եվրոպային, և վերջին ամիսների իրադարձությունների զարգացումը սրա ևս մեկ վառ ապացույցն է: Կարծում եմ` այսօր մենք բոլոր նախադրյալներն ունենք սպասելու, թե երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունն, այնուամենայնիվ, արմատականորեն փոխվելու է: Նման սպասումների համար ես առնվազն երկու նախադրյալ եմ տեսնում:

Նախ` այսօր իսկ կարելի է ասել, որ երկիրը անվերադարձ լքել է այն հետագիծը, որը տանում էր Քոչարյանի կառավարման տարիներին իրականացվող քաղաքականության հավասարակշռության կետին: Խնդիրն այն է, որ Հայաստանի բնակչությունը լինելով միատարր` էթնիկ տեսանկյունից, այնուամենայնիվ, բաժանվում է երկու խմբի, որոնք զգալիորեն տարբերվում են իրենց նախասիրություններով ու պահվածքով (այս խմբերը եղել են նաև ԽՍՀՄ-ի տարիներին, բայց ընդհանուր խաղի կանոնները այս տարիներին թելադրվել են Մոսկվայից, իսկ խմբերի սեգրիգացիան բավականին մեծ էր, էնպես որ` այս խմբերի գոյությունը այդքան ցայտուն չի երևացել: Թե Եվրոպայի երկրներում, թե Խաղաղօվկիանոսյան Ասիայում (Հնդկաստան, Չինաստան, Կորեա) այս առումով բնակչությունը իր նախասիրություններով` վիճակագրական տեսանկյունից ավելի նորմալ է բաշխված: Մեզ մոտ բաշխման փորձերը ավելի կոշտ են, իսկ միջին համարյա չկա: Նման բաշխման պայմաններում հասարակությունը բավականին բարդ դինամիկա է ունենում, զարգացման խճանկարն էլ դժվար գուշակելի է: Նման պայմաններում արտաքին ցուցումները մեծ կարևորություն են ունենում հասարակության զարգացման համար): Մենք մի կողմից ունենք հիերարխիան նախապատվող քաղաքացիներ, որոնք պատրաստ են իրենց խմբի համար ունենալ մի խաղի կանոններ, մնացած հասարակության համար մեկ այլ` կանոններ:

Մյուս կողմից` ունենք քաղաքացիների մի մեծ խումբ, որի համար կարևոր է, որպեսզի ողջ հասարակությունը ենթարկվի միևնույն օրենքներին: Թե որ խումբը և որքանով ողջ հասարակությանը կթելադրի իր խաղի կանոնները` կախված է մի շարք գործոններից (այդ թվում խմբերի հարաբերական մեծությունից ու հանդուրժողականությունից: Տեղեկատվությունը ու կոորդինացիան նույնպես կարևոր նշանակություն ունեն): Հետաքրքիրն այն է, որ պայմանները, որոնք նպաստում են առաջին խմբին` միանգամայն տարբերվում են մյուս խմբին նպաստող պայմաններից: Այսպես` առաջին խմբի համար որոշիչ է իր խաղի մեջ ներգրավվածների սակավաթիվ լինելը: Այսօր մենք ունենք ինֆորմացիոն շոկ: Ետընտրական հավաքները, փաստորեն, ստիպեցին, որ առանձին բնակարաններում փակված ինֆորմացիան դուրս գա փողոց, այս ինֆորմացիան արդեն իսկ հանրային սեփականություն է, և այն այլևս ետ չես փակի: (Այս առումով չեմ կարող համաձայնել այն մտքի հետ, թե այս անգամ էլ ոչինչ չի ստացվի և ֆրուստրացիան ողբերգական ու դրամատիկ հետևանքներ կունենա):

Մարդկանց և ողջ համակարգի համար շատ կարևոր է, երբ քաղաքացիները իրական պատկերացում ունեն իրենց համախոհների քանակի վերաբերյալ, մյուս կողմից` ունենք հանդուրժողականության կտրուկ անկում (նախ` Մարտի 1-ը անցավ թույլատրելի բոլոր սահմանները, երկրորդ` համախոհների իրական քանակի մասին ճիշտ տեղեկատվությունը հետադարձ կապ է ունենում մարդկանց հանդուրժողականության վրա` ստիպելով էլ ավելի անհանդուրժողական դառնալ): Ունենք նաև քաղաքացիների մի խումբ, որը պատրաստ է խախտել թելադրվող խաղի կանոնները և չընտրել օպտիմալ տարբերակը: Սա արդեն դասական հեղափոխական իրավիճակ է` էվոլյուցիոն մոդելավորման շրջանակներում: Ես այսօր երեք հնարավոր տարբերակ եմ տեսնում: Կարծում եմ` ակտիվ մասնակիցների քանակը գնալով աճելու է, հետևողականորեն լուծվելու են կոորդինացիայի և տեղեկատվության թերացման խնդիրները: Սա ամեն դեպքում ստիպելու է հակառակորդ խմբին խախտել ստատուս քվոն և ավելացնել ակտիվ գործողների քանակը:

Եթե «հեղափոխականորեն» տրամադրվածների քանակը հասավ կրիտիկականի և հաղթահարվեցին տեղեկատվական խոչընդոտները, հնարավոր է մեկ ժամում ողջ երկրորդ խմբի քաղաքացիներին դարձնել ակտիվ, և մեկ օրում հեղափոխել ողջ համակարգը` ստիպելով ողջ հասարակությանը այսուհետ խաղալ համընդհանուր կանոններով (այսինքն` վերահաստատել Սահմանադրությունը), հակառակ դեպքում համակարգը նույնպես` Քոչարյանի տարիներին անցած ուղիով ետ գնալու միտում է ունենալու: Այս դեպքում կամ հիերարխիկ համակարգը ժամանակի հետ փլուզվելու է` անցնելով մասնակիցների կրիտիկական քանակը կամ էլ նոր հավասարակշռության կետ է հաստատվելու միջանկյալ մի դիրքում: Ամեն դեպքում այն հասարակությանը, որը Քոչարյանի կառավարման տարիներին գնում էր առաջին խմբի միանձնյա որոշումներ կայացնելու ուղիով, կարելի է անվերադարձ լքված համարել:

(Այսօր իշխանության քայլերը, ամենայն հավանականությամբ, մատնանշում են տեռորի ռեպրեսիվ քաղաքականության որդեգրումը: Այնուամենայնիվ, տեռորի արդյունավետության հետ կապված ևս ոչ գծայնության խնդիր կա: Այսինքն` կա մի կրիտիկական սահման. մինչև այդ սահմանը պետական տեռորը պարզապես գրգռելու է բնակչությանը` ստիպելով ավելի ակտիվ պայքարել: Միայն այս կրիտիկական սահմանը անցնելուց հետո է, որ ժողովուրդը կկոտրվի ու երկար ժամանակ դուրս կգա պայքարից: Համոզված եմ, որ այս սահմանը այսօր մեր երկրում անհասանելի է որոշակի օբյեկտիվ պատճառներով, Ռուսաստանը նույնպես չի կարող իր ազդեցությունը բացեիբաց հասցնել այդ աստիճանի. այսօր Հայաստանի տարածքում երկրորդ Չեչնիա ու Կադիրով ունենալ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Մեդվեդևը չեն կարող իրենց թույլ տալ):

Բացի այս` այսօր մենք Հայաստանում ունենք կուտակված կապիտալի լեգիտիմիզացիայի խնդիր: Կապիտալի նախասկզբնական կուտակումը արդի Հայաստանում կարելի է հիմնականում ավարտված համարել: Չնայած այս պրոցեսը այս կամ այն տեսքով տեղի ունեցավ անցումային կոչված բոլոր երկրներում, Հայաստանում այն, ցավոք, ընթացավ նախորդ դարի առաջին կեսի Ատլանտա-սիթիի «լավագույն» ավանդույթներով:

Ինչևէ, այսօր խոշոր սեփականատերերը Հայաստանում իրենց կուտակված սեփականության լեգիտիմիզացիայի լուրջ խնդիր ունեն: Այս լեգիտիմիզացման համար բավարար չէ կառուցել ժամանակակից գրասենյակներ և վարձել մի քանի լեզուների տիրապետող քարտուղարուհիներ: Բավական չէ նաև տարանջատել բիզնեսը ու քաղաքականությունը (սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է): Այսօր կարևորագույն խնդիր է ներդրված կապիտալը դուրս հանել ներմուծման ոլորտից և ներդնել արտադրության ու արտահանման ոլորտում: Անհրաժեշտ է որպեսզի տնտեսական խաղի կանոնները զրոյական գումարով չլինեն, որտեղ ժողովրդի և սեփականատերերի հետաքրքրությունները 180 աստիճանով հակառակ են: Չնայած մեր կառավարությունը պնդում է, թե վերջին տարիներին գրանցել է տնտեսության զգալի աճ, այնուամենայնիվ արտադրողականության աճ չի գրանցվել:

Այս իսկ պատճառով, կարծում եմ, առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունը դեռևս զգալի շահույթ կարող է ապահովել սեփականատերերին: (Մեկ անգամ ևս կարծում եմ, որ այսօր բարձր տեխնոլոգիաներից խուսափելը ավելի շուտ քաղաքական և ոչ թե տնտեսական որոշում է): Այսօր դեռ միանշանակորեն պարզ չէ` արդյոք եկամուտի անհավասար բաշխումը խցանու՞մ է, թե՞ խթանում է տնտեսական աճը: Այնուամենայնիվ, տնտեսական անհավասարության ջատագովները, մի հիմնական փաստարկ են բերում. տեխնիկական զինվածությունը, առաջատար տեխնոլոգիաների ներմուծումը կարող է պահանջել շատ հարուստների ներկայություն, քանի որ հարստության սահմաններից ելնելով` մարդիկ ռիսկի հանդեպ ավելի չեզոք են դառնում:

Եթե այսօր իսկ ունենք այդ պատկերը, որ երկրում կան շատ հարուստներ, ուրեմն պետք է օգտվել նաև դրա առավելությունից: Ամեն դեպքում այսօր իսկ պարզ է, որ քաղաքական ռիսկը աննախադեպ աճել է, և խոշոր սեփականատերերի համար վտանգը մեծ է` որպես իրենց ունեցվածքի գարանտ ունենալ քաղաքական գործիչներին: Բացի այս` ինձ վերջին ժամանակներս որպես իստիտուցիոնալիստի հետաքրքիր է, թե ինչպես է Հայաստանի հասարակությունը երաշխավորելու Սահմանադրության իրականացումը: Կարծում եմ` Արևմուտքի ժողովրդավարական դասական տարբերակը` հիմնված հասարակական ինստիտուտների վրա (հ/կ-ները ԱՄՆ-ում, արհմիությունները` Շվեդիայում), մեզ համար որոշ օբյեկտիվ պայմաններից ելնելով անիրականացվելի է: Վերջին իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ պատմությունը մեր երկրում գրվում է ոչ թե հասարակական ինստիտուտների ու կազմակերպությունների կողմից գրասենյակներում (չնայած ԱՄՆ-ի ավելի քան տասամյա ջանքերին` Հայաստանում ստեղծել և զարգացնել նման կազմակերպություններ), այլ երիտասարդության և մանավանդ` շրջանների բնակչության կողմից` փողոցներում:

Սա, ամենայն հավանականությամբ, նախապատվությունների ու խառնվածքի խնդիր է: Կարծում եմ` այս առումով մենք ավելի հավանական է գնանք Ֆրանսիայի տարբերակով, որտեղ Քամյուի խոսքերով` ցանկացած պետական տեռորին հասարակությունը պատասխանելու է անձնական տեռորով: Մի բան ամեն դեպքում պարզ է` Հայաստանը ոչ Թուրքմենստան է և ոչ էլ Ռուսաստան, և Մարտի 1-ի իրադարձությունները չեն կարող ունենալ միևնույն արձագանքը` ինչ Նորդ-Օստը: Վերջին ժամանակներս ինձ հաճախ են խնդրում երեք բառով նկարագրել հայերին. ես միշտ ասում եմ, որ հայերը երեք աստված ունեն: Գիտելիքը, ազատությունը և ճշմարտությունը: Մեր ձևավորած համակարգն ու ինստիտուտները պետք է համապատասխանեն մեր արժեքներին և կոչված լինեն պաշտպանելու այս «աստվածներին» հակառակ դեպքում ցնցումները անխուսափելի են:

(Կարծում եմ` այս առումով նույնպես նախընտրելի է, որպեսզի ինստիտուտները ձևավորվեն երկրի ներսում և ոչ թե ներմուծվեն արտասահմանից: Սա դեռ ապացուցված փաստ չէ, բայց կա երկու խոսուն օրինակ: Դեռ 20 տարի առաջ ընդունված էր համարել, թե լիբերալ շուկան և քաղաքականությունը երկրի զարգացման միակ գրավականներն են, բոլոր տնտեսագետները միաբերան հայտարարում էին, թե Չինաստանի ռեֆորմները տապալվելու են: Այսօր արդեն պարզ է, որ Չինաստանը միակ և ամենահաջողակ անցումային քաղաքականության հեղինակն է: Երկրորդ տարբերակը «առեղծված» է համարվում երկրների զարգացման պատմության մեջ: Սա Բիրմայի (Մյանմա) ու Թաիլանդի օրինակն է:

Այս երկրները համարժեք են իրենց աշխարհագրական և մշակութային հատկություններով: Ավելին` 1910-40թթ.-ին նույն ծավալով արտադրություն են ունեցել: Բիրման երկար տարիներ Անգլիայի գաղութն է եղել, իսկ Անգլիայի իրավա-հասարակական համակարգը համարվում է աշխարհում ամենաբարենպաստը` երկրների զարգացման առումով: Թաիլանդը ֆորմալ տեսանկյունից պահպանել է իր անկախությունը` ստիպված լինելով յուրովի ձևավորել իր հասարակական և քաղաքական համակարգը: Այսօր Թաիլանդը մի կողմից 4, 5 անգամ ավելի շատ արտադրություն ունի, մյուս կողմից` ժողովրդավարության տեսանկյունից զգալիորեն առաջ է Բիրմայից: Այստեղ երկու հնարավոր բացատրություն կա: Ձևավորվող ինստիտուտը պետք է համապատասխանի երկրի զարգացածության աստիճանին, այն պետք է համապատասխան լինի ազգաբնակչության խառնվածքին ու նախասիրություններին: Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, որ ներմուծվող ինստիտուտը խեղաթյուրվելու է` դառնալով անարդյունավետ ու երկիրը փակելով աղքատության թակարդում):

Լիլիթ Հակոբյանը, ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Ստացել է տնտեսական գործընթացների մաթեմատիկական ծրագրավորման բակալավրի աստիճան: 1998-2001թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ստացել է «ֆինանսական կառավարման և հաշվապահական հաշիվներ» մասնագիտությունը: 2003-2004թթ. ուսանել է Հյուսիսային Շվեդիայի Յումեո համալսարանի տնտեսագիտական ծրագրավորման ֆակուլտետում, 2004-2007թթ.` էկոնոմիկայի ֆակուլտետում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում