ՍԻՐԱՆԿՅՈՒՆ հաղորդաշարի հյուրն է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, սկսած 2007-ից` «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն է իրականացվում: Նպատակը, որը դրել էր փառատոնը` բնապահպանական խնդիրների լուծման, ինչպես նաև միջմշակութային համագործակցության առումով, որքանո՞վ է արդարացրել իրեն, որքանո՞վ հաջողված կարող ենք այն համարել:
– Փառատոնն արդեն երրորդ անգամ է իրականացվում, առաջին տարին կենտրոնացել էինք տարածաշրջանային համագործակցության վրա, բայց հասկացանք, որ տարածաշրջանն ակտիվացնելու համար պետք է ներգրավել միջազգային դաշտը: Արդեն երկրորդ տարվանից` ավելի շատ միջազգային ֆիլմերով հանդես եկանք: Եվ բացի ֆիլմերի ցուցադրությունից, ֆոտո ցուցահանդեսներից, ակցիաներից, կազմակերպվում են նաև գիտաժողովներ, որտեղ հրավիրվում են ամբողջ միջազգային դաշտի բնապահպանական մեծ կառույցները, որոնք իրենց հերթին տարբեր հնարավորություններ են ընձեռում մեր տարածաշրջանի մակարդակով համագործակցություն ստեղծելու, ֆինանսավորում հայթայթելու, նոր մոտեցումներ առաջ քաշելու բնության պահպանության և բնապահպանական խնդիրների շուրջ:
– Ըստ էության, մեզ մոտ բնապահպանական խնդիրներն ամենաակտուալն են: Ձեր հիմնադրամը ո՞ր խնդիրներն է առաջնային համարում, և ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնելու փառատոնի ընթացքում:
– Բնապահպանական խնդիրները ոչ միայն հայաստանյան, այլ առհասարակ մարդկության առջև դրված համաշխարհային ամենալուրջ խնդիրներից են: Մեր փառատոնը նպաստելու է, որ Հայաստանը և հայ իրականությունն անմասն չմնան այդ գործընթացից` հասկանալու համար իր տարածաշրջանում, իր երկրում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Այսինքն` սա շատ կոնկրետ, մարդկությանն առնչվող խնդիր է, դա զգում ենք մեր շրջակա միջավայրի փոփոխություններով, մարդու առողջության վրա թողած ազդեցությամբ: Եվ իհարկե, բոլորս ցանկանում ենք, որ երեխաների համար լինեն ավելի առողջ, կայուն պայմաններ, բայց դրա համար այսօր պետք է գործել: Այդ ինֆորմացիան, որը Սովետական Միության ժամանակաշրջանից բաց ենք թողել, անկախության շրջանում հենց այդ բացթողումների արդյունքն է, որ ինչ-որ տեղ մեր հասարակությունը լավ չի գիտակցում` ինչ ասել է բնապահպանական խնդիր: Դրա համար փառատոնը գալիս է ինֆորմացիա տրամադրելու` ամբողջ աշխարհի լավագույն բնապահպանական մրցանակակիր ֆիլմերով, ակցիաներով, գիտաժողովներով, ինչպես նաև ընդգրկելով հասարակության տարբեր շերտեր` սկսած դպրոցականներից, ուսանողներից (ուսանողների համար դրամաշնորհ է սահմանված լավագույն գիտահետազոտական պրոյեկտի համար` «ՎիվաՍել» ընկերության կողմից), ինչպես նաև դրամաշնորհ է սահմանված ՀԿ-ների համար` լավագույն գիտական աշխատանք վայրի բնության պահպանության համար թեմայով: Արդեն ՀԿ-ների կողմից 10 հայտ է ներկայացված, ուսանողական հայտերը ավելի շատ են, ներգրավված են ԵՊՀ-ն, Ամերիկյան համալսարանը և այլն: Այսպիսով, խնդրի լուծմանը հասնելու համար համակարգված և ինտենսիվ, հետևողական պետք է աշխատել:
– Վերջին տարիներին մեր բնապահպանները ավելի շատ են ահազանգում երկրում տեղի ունեցող բնապահպանական աղետի մասին, մասնավորապես` Երևան քաղաքի էկոլոգիական լուրջ խնդիրների, հանքարդյունաբերության շահագործման և այլն: Որքանո՞վ է հիմադրամը կարողանում պայքարել հանքարդյունաբերության դեմ, որը բնապահպանության ամենամեծ աղետն է:
– Հանքարդյունաբերությանը վերաբերող թևը ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի ամենամեծ պրոբլեմներից մեկն է, որովհետև այդտեղ լուրջ հետաքրքրությունների բախում կա, պետական շահերը ինչ-որ տեղ խեղաթյուրված են, և որոնք ապագայի արդյունավետության կայուն հիմք չեն: Մենք ցուցադրելու ենք նաև հանքարդյունաբերության խնդիրների շուրջ ֆիլմեր: Ասեմ, որ միայն մի դեպքում` համակարգված և համախմբված աշխատանքի դեպքում է հնարավոր հաջողության հասնել: Դրա համար փառատոնն իր առջև հասարակությանը տեղի ունեցող պրոցեսներին ընդգրկելու նպատակ է դրել, որպեսզի հանրությունը տեղեկանա և փորձի դրա միջոցով հասարակությանը ներգրավել այդ պրոցեսներին:
– Այսինքն` ինչքան շատ մարդ պայքարի, զգա բնապահպանության կարևորությունը, այնքան արդյունքները այլ կլինե՞ն:
– Իհարկե, եթե անհատ քաղաքացին իրազեկ է, հասկանում է խնդիրը, արդեն պատրաստ է լինում գործել, սա միայն ՀԿ-ի գործը չէ: ՀԿ-ները ոչ միայն պետք է բարձրաձայն խոսեն այդ մասին, այլ նաև հնարքներ կիրառեն` ինչպես հասարակությանը մոտեցնեն այդ խնդիրների լուծմանը, ներգրավեն այդ պրոցեսներին:
– Այս տարի «Արևորդի 2011»-ի շրջանակներում կանցկացվի գիտաժողով` «Հարավային Կովկասում քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի դերը բնության պահպանության գործում» թեմայով: Մեզանում քաղաքացիական նախաձեռնություններից շատերը հենց ուղղված են բնապահպանական խնդիրներին, սակայն մասնավորը կարծես անտարբեր է` բնապահպանական խնդիրները կարծես գիտակցական մակարդակի չեն հասել, և բիզնեսը կարևորվում է առողջությունից: Ի՞նչ եք արել մասնավորին այս ամենում ներգրավելու ուղղությամբ:
– Ի վերջո, նույն բիզնեսն ավելի շատ կարող է շահել, երբ բնապահպանական գիտակցության բարձր աստիճան ունի մատուցելու իր արտադրանքը: Այսօր կան համաշխարհային չափորոշիչներ, և բիզնեսի շուկան Հայաստանով չի սահմանափակված, և եթե ուզում են իրոք զարգացնել կամ այնպես անել, որ նույն հանքարդյունաբերությունում իրենց ապրանքը գնվի, ապա պետք է պահպանեն այդ չափորոշիչները: Թե՛ փառատոնի, թե՛ հիմնադրամի նպատակներից է ստեղծել համագործակցության դաշտ: Ասեմ, որ փոքր քայլերով, բայց մեզ հաջողվում է հասնել արդյունքի:
– Այս տարի քանի՞ ֆիլմ է ներկայացված, տեղական արտադրանքից ի՞նչ ունենք առհասարակ: Հետաքրքրություն կա՞ բնապահպանական ֆիլմ նկարելու առումով:
– Ցավոք, պետք է նշեմ, որ իրականության մեջ շատ քիչ ռեժիսորներ կան, որոնց էկոլոգիական թեման հետաքրքրում է:
– Շահութաբեր չէ՞:
– Չգիտեմ, բոլորը չէ, որ շահույթի համար են նկարում, բայց երևի տարված են արվեստի շուրջ մտորումներով, թեև պետք է ասեմ, որ բնությունից ավելի մեծ արվեստ գոյություն չունի, և խորհուրդ կտայի բնությանը որպես արվեստի գլուխգործոցի մոտենային և փորձեին արվեստը ներկայացնել բնության մասին ֆիլմերով: Մենք ունենք էկոակումբներ, որտեղ երեխաներից 4-5 ֆիլմ ենք ներկայացնելու: Լավ ֆիլմեր կներկայացվեն Պարսկաստանից, Թուրքիայից: Ցավոք, այս իմաստով Հայաստանը, Վրաստանը պասիվ են, հավանաբար միայն Ինգա Զարաֆյանը մի ֆիլմ կհասցնի ավարտին մինչև փառատոնը:
Կարծում եմ` մեր այսօրվա աշխատանքը` անկախ բնապահպանական մեր բոլոր խնդիրների շուրջ պայքարներից, ավելի մեծ էներգիա պետք է տա կրթական դաշտին, որպեսզի աճող սերունդը գիտակցի այն կարևոր բնապահպանական խնդիրները, որոնք մենք, կամ մեզնից վերև սերունդները, ժամանակին չենք գիտակցել: Միակ լուծումը կրթությունն է, որը կստեղծի հասարակություն այլ արժեքներով, քանի որ այստեղ լուրջ արժեքային խնդիր կա: Ուրախ եմ, որ մենք այսօր առիթ ունենք ստեղծելու այն արժեքային համակարգը, որը կնվազեցնի թե՛ էկոլոգիական, թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական խնդիրները:











































