Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և համաշխարհային կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերն այցելել է իր հայրենի քաղաք` Հրաց (Ավստրիա), որտեղ իր թանգարանում բացել է իր իսկ բրոնզե արձանը:
Ինչպես հաղորդում է Foxnews-ը, արձանի բացմանը ներկա են եղել «Տերմինատորի» հարյուրավոր երկրպագուներ:
Թանգարանը բացվել է 2011թ. հուլիսին և գտնվում է հենց այն տանը, որտեղ անցել է դերասանի մանկությունը: Թանգարանում հավաքված են այն իրերը, որոնք կարևոր դեր են խաղացել «երկաթե Առնիի» կյանքի որոշակի պահերին, մասնավորապես՝ ծանրաձողերը, որոնցով նա մարզվել է, սեղանը, որի մոտ նա աշխատել է Կալիֆոռնիայում նահանգապետի պաշտոնավարության տարիներին:
Ելույթ ունենալով երկրպագուների առաջ` Շվարցենեգերն ասել է, որ իր տունը վերածել է թանգարանի` մարդկանց ցույց տալու, որ յուրաքանչյուրը կարող է հաջողության հասնել:
Հիշեցնենք՝ քաղաքական կարիերան ավարտելուց հետո Շվարցենեգերը դարձյալ սկսել է նկարահանվել ֆիլմերում:









































