ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի բյուրոն առաջին անգամ լայնածավալ հաշվետվություն է հրապարակել աշխարհի տարբեր երկրներում սպանությունների թվի մասին: Ընդհանուր առմամբ, փորձագետների կարծիքով, անցյալ տարվա ընթացքում սպանվել է գրեթե կես միլիոն մարդ, ընդ որում՝ հատկապես մեծ թվով սպանություններ են կատարվել Աֆրիկայի և Ամերիկայի երկրներում:
Հետազոտության ժամանակ օգտագործվել են տարբեր երկրների կողմից տրամադրված 2010թ. պաշտոնական վիճակագրության տվյալները, որում հաշվի է առնվել զինված հակամարտությունների կամ դատավճռի հետևանքով սպանվածների թիվը: Այսպիսով, ընդհանուր առմամբ անցյալ տարվա ընթացքում զոհվել է 468 հազար մարդ, ընդ որում՝ սպանությունների թվով առաջատարներ են աֆրիկյան երկրները, որոնց բաժին է ընկնում կատարված սպանությունների մեկ երրորդը:
Զեկույցի համաձայն` աշխարհի ամենավտանգավոր երկրներն են Հոնդուրասը, Սալվադորը, Կոտ դ՛Իվուարը, Յամայկան, Վենեսուելան: Այստեղ մինչև 30 տարեկան երիտասարդների 5%-ը սպանության զոհ է դառնում:
Հարավային Կովկասում սպանությունների թվով առաջատարը Վրաստանն է (100 հազար բնակչության հաշվարկով 4 մարդ): Նրան հաջորդում է Հայաստանը (2,8), այնուհետև Ադրբեջանը (2):
Ընդ որում՝ ՄԱԿ-ը նշում է, որ սպանվածների 80%-տղամարդիկ են, իսկ կանանց հիմնականում սպանում են մերձավորները:
Հաշվետվության մեջ նշվում է, որ որոշակի կապ գոյություն ունի երկրում աղքատության մակարդակի, տնտեսական դրության և ծանր հանցագործությունների միջև: Նշվում է, որ ինչքան բարձր է երկրում հասարակական անհավասարությունը, այնքան շատ են սպանությունները:










































