Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը չի կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում մինչև տարեվերջ լուրջ նախագծեր ներկայացնեն: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին Շաքարյանցն ասաց՝ պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին`հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանից բացի՝ միջնորդական ջանքեր ներդնեն նաև այդ երկրները:
«Պատճառն այն է, որ 2011-ի ավարտին ընդամենը երկու ամիս է մնում, և նոր միջնորդություններ դժվար թե լինեն»,- հիմնավորեց քաղաքագետը` միաժամանակ հավելելով, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հնարավոր միջնորդություններ բացառելը դժվար է, սակայն սպասել էլ պետք չէ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ՌԴ միջնորդությամբ նախատեսված չէ:










































