News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրացական այցի արդունքները.
«Թբիլիսիի «Ազատության» հրապարակում ունեցած Սարկոզիի ելույթը պատմական կլիներ շատ երկրների համար։ «Վարդերի հեղափոխությունից» հետո այդքան մարդ չէր հավաքվել Թբիլիսիի կենտրոնում։ Սարկոզիի հրապարակավ ելույթից հետո ես 2-ժամանոց ջերմ հանդիպում եմ ունեցել նրա հետ։
Վրաստանն այսօր վայելում է եվրոպական տարբեր երկրների աջակցությունը, սակայն Եվրոպայի առաջատար երկրները Գերմանիան ու Ֆրանսիան են։ Եվ որպեսզի Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, անհրաժեշտ է այդ երկու երկրների աջակցությունը։ Երբ Վրաստանը վայելում է այնպիսի մարդու աջակցությունը, ինչպիսին Սարկոզին է, կարելի է ոչնչից չսարսափել։
Սարկոզիի այցը Վրաստանի համար կոնկրետ արդյունքներ կբերի մի քանի ամիս անց։ Ներկայումս նույնպես կոնկրետ արդյունքներ կան. մասնավորապես ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտներին, Թբիլիսիի ու Քութայիսի օդանավակայանների վերականգնմանը։
Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ ես նրան հայտնեցի, որ թեև Պուտինը ոչ մի տեղ չէր հեռացել, բայց քանի որ նա պաշտոնապես վերադառնում է, ես պատրաստ եմ երկխոսել նրա հետ։ Սակայն այդ երկխոսությունը պետք է լինի երկխոսություն՝ հավասարազոր ժողովուրդների միջև։ Չպետք է պատրանքներ լինեն, թե նա կարող է մեզ անկյունին դեմ տալ։
Թբիլիսիում Սարկոզին շատ կարևոր հայտարարություն արեց՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացումը համեմատելով Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման հետ։ Մենք բոլորս շատ լավ ենք հիշում, թե ինչպես ավարտվեց Ֆրանսիայի օկուպացիան։ Սարկոզին Պուտինին հասկացնել տվեց, որ ԽՍՀՄ-ը երբեք չի կարող վերականգնվել։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ։
Մեր նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ, մենք ձգտում ենք Վրաստանի միավորմանն ու միասնականության վերականգնմանը։ Սարկոզին նաև աբխազներին ու օսերին կոչ արեց ընտրություն կատարել. ապրել հաջողակ, երջանիկ և միացյալ Վրաստանում, կամ էլ կարճ ժամանակով վասալի ու ծառայի պես ապրել կեղծ պետություններում։ Թո՛ղ ոչ ոք պատրանքներ չտածի, թե Վրաստանը կհրաժարվի իր միասնությունից ու ապագայից»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, որ 2008 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինը՝ միջնորդի դերում հանդես եկած Նիկոլա Սարկոզիին բարկացած հայտնել է, որ ցանկացել է կախել Սաակաշվիլիին։
Ի դեպ, WikiLeaks-յան բացահայտումներում նշված էր, որ Սաակաշվիլին տանջվում է այն մտքից, որ պատմությունն իրեն կդատապարտի Վրաստանի տարածքները կորստյան մատնելու համար։










































