News Georgia-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թբիլիսիի «Ազատության» հրապարակում հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը պետք է հաշտվեն, ինչպես Ֆրանսիան ու Գերմանիան 1945 թվականին.
«Ես ցանկանում եմ այստեղ ի լուր բոլորի՝ հայտարարել, որ Ֆրանսիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ցանկանում եմ հաստատել 2008 թվականի օգոստոսին կնքված համաձայնագրի ի կատար ածման հարցում իմ պատասխանատվությունը։
Չնայած խաղաղության համաձայնագրին, զորքերը չհեռացան բաժանարար գծից, և դարձան առավել մեծաքանակ։ 2008 թվականին Վրաստանից խլեցին նրա տարածքի մի մասը, իսկ մարդկանց վռնդեցին իրենց տներից։ Դա շատ ծանր է։ Ֆրանսիացիներից լավ, ոչ ոք չգիտե, թե ինչ է նշանակում երկրի մասնատումը։ Դա կարծես կտրված վերջույթ լինի, որին դու զգում ես, սակայն իրականում այն չկա։
Մոսկվայի ու Թբիլիսիի միջև պետք է կառուցվեն վստահելի և նոր հարաբերություններ։ Ֆրանսիան ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և խաղաղություն են պահպանում Եվրոպայում։ Այդպիսի գործընկերներ և բարեկամներ պետք է դառնան Վրաստանն ու Ռուսաստանը, որոնք պետք է հրաժարվեն իրենց խորհրդային անցյալից։ Դրան պետք է «ոչ» ասել և կառուցել նոր հարաբերություններ՝ հիմնված միմյանց ճանաչման վրա։ Պետք է հրաժարվել թշնամական լեզվից և կարգավորել հարաբերությունները։
Կողմերի միջև վստահության վերականգնման համար պետք է ընդունել, որ ԽՍՀՄ-ը վերացել է, և բոլորը պետք է ընդունեն, որ Վրաստանը զարգանալու իրավունք ունի։ Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր ընկերներին և անդամակցելու այն կազմակերպություններին, որոնց ցանկանում է նրա ժողովուրդը։ Վրաստանն իրավունք ունի ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, եթե դա ցանկանում է նրա ժողովուրդը։ Դա ազատ և անկախ պետության իրավունքն է, որին ոչ ոք չի համարձակվի որևէ բան թելադրել։
1945 թվականին Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները կարողացան այնպիսի որոշումներ ընդունել, որոնք բարիդրացիական հարաբերություններ հաստատեցին երկու ժողովուրդների միջև, որոնք մինչ այդ 3 պատերազմ էին մղել միմյանց դեմ։ Վրաստանում ես կարծես Եվրոպայում լինեմ»։












































