2011 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել միանգամից երեք կին` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, ինչպես նաև լիբերիացի իրավապաշտպան Լեյմա Գբովին և եմենցի ակտիվիստ Թավաքել Կարմանը:
Նոբելյան կոմիտեի հայտարարությունն առաջին անգամ ընթերցվել է միայն անգլերենով:
Կոմիտեի կոմյունիկեում ասվում է, որ Ջոնսոն Սերլիֆը, Գբովին և Կարմանը պարգևատրվել են «կանանց անվտանգության և խաղաղապահ աշխատանքներում կանանց լիակատար մասնակցության իրավունքների ոչ բռնի պայքարի համար»:
Դափնեկրի ամենահավանական թեկնածու համարվում էր Ջոնսոն Սերլիֆը: Ֆավորիտների ցուցակում հայտնվել էր 241 թեկնածու, որից 53-ը հասարակական և միջազգային կազմակերպություններ էին: Այս թվերը հրապարակել էր Նորվեգիայի նոբելյան կոմիտեն` առանց նշելու թեկնածուների անունները, որոնք հանրությանը հասանելի կդառնան միայն 50 տարի անց: ԶԼՄ-ները դափնեկրի հնարավոր հավակնորդ էին համարում արաբ իրավապաշտպաններին, Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ինչպես նաև Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլին:
Մինչ այժմ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է 100 մարդ, այդ թվում՝ 15 կին և 20 կազմակերպություն:
Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան դափնեկիր է դարձել չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն:












































