Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գտնվող շախմատի աշխարհի վեցակի չեմպիոն, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը մասնակցել է Վրաստանի սպորտի ու երիտասարդության և սփյուռքի խորհրդարանական կոմիտեների համատեղ նստաշրջանին՝ ներկայացնելով դպրոցների համար իր շախմատային ծրագիրը։
Կասպարովը նիստում հայտարարել է. «Այսօր գոյություն ունի Պուտինյան Ռուսաստան։ Ես լավ գիտեմ, թե ինչպես է Պուտինյան Ռուսաստանն ազդել Վրաստանի ինքնիշխանության վրա։ Իմ ընկերները պայքարում են Պուտինյան Ռուսաստանի դեմ։ Պուտինները գալիս և գնում են, իսկ ռուս-վրացական հարաբերությունները՝ շարունակվում։ Դա իսկապես այդպես է, ռուս-վրացական հարաբերությունները շարունակվում են»։
Կասպարովը հավելել է, որ 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերն անպայման ձախողվելու են, և դա դնելու է Պուտինի ռեժիմի փլուզման սկիզբը։
Այսօր Կասպարովին ընդունելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։











































