ՀՀ կառավարությունն այսօր արտագնա նիստ է գումարել Արարատի մարզում, որտեղ մարզպետ Էդիկ Բարսեղյանը ներկայացրել է 2011 թ. 9 ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն:
Ըստ այդմ՝ 2011 թ. ընթացքում կատարված ցանքսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 808 հեկտարով և կազմում են 21,109 հեկտար (աճը 4 %): Մարզում գործում են 48 հակակարկտային կայաններ, սակայն անհրաժեշտ են ևս 26-ը: Սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ մարզի հողօգտագործողներին մատակարարվել է 72 մլն խ/մ ոռոգման ջուր, որի դիմաց գանձվել է 505 մլն դրամ կամ 68.6%:
Մարզի 112 դպրոցներից 62-ն ունեն հիմնանորոգման, 52-ը` լոկալ ջեռուցման կարիք: Առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Արտաշատ քաղաքի, Ոստանի, Վանաշենի մշակույթի տները, 55 բուժհիմնարկներից 35-ը: Անհրաժեշտ է ավարտին հասցնել Արտաշատի կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները (ծախսվել է 180 մլն դրամը` մնացել է 475 մլն դրամ, ընդ որում՝ այս տարի ֆինանսավորում չի եղել):
Զանգակատուն գյուղի սողանքային գոտում են գտնվում շուրջ 25 բնակելի տներ, որոնցից 4-ը գտնվում են առավել վատ վիճակում և լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Ուրցալանջ համայնքում նույնպես առկա են սողանքային երևույթներ` 1 բնակելի տուն և գյուղ մտնող ճանապարհը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն: Մարզի 7՝ Սայաթ Նովա, Նիզամի, Հովտաշատ, Նորամարգ, Ռանչպար, Սիս, Հովտաշեն համայնքները չունեն խմելու ջուր, օգտվում են արտեզյան հորերից: Անհրաժեշտ է լուծել խմելու ջրի և ներքին ցանցի կառուցման խնդիրը: Առաջնահերթ գազիֆիկացման կարիք ունեն 5 համայնքներ, իսկ գազամատակարարման ներքին ցանցերի վերանորոգման խնդիր՝ 4 համայնքներ:
Զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների (զինծառայողների) և փախստական ընտանիքների համար դեռ չեն իրականացվել բնակարանային ապահովության ծրագրեր:










































