Microsoft ընկերությունը կրկին քննարկում է Yahoo!-ն գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Սակայն Գեյթսի հիմնադրած ընկերությունը դա անելու է ոչ թե միայնակ, այլ մի ընկերության հետ համատեղ: Այս տեղեկության հայտնվելուց հետո Yahoo!-ի բաժնետոմսերը թանկացան 10.1%-ով:
Microsoft-ը 2008 թ. մեկ անգամ արդեն փորձ արել է գնել Yahoo!-ն` առաջարկելով 47.5 մլրդ դոլար: Այժմ այն գնահատվում է մոտ երեք անգամ պակաս` 18 մլրդ: Աշխարհի ամենահզոր որոնողական համակարգն ունեցող Yahoo!-ն 2000-ականների սկզբից սկսեց զիջել իր առաջնությունը Google-ին, որից հետո ընկերությունում առաջացան բազմաթիվ խնդիրներ` կապված փոփոխվող շուկայում նոր արտադրանք ներկայացնելու հետ: Վերջերս պաշտոնանկ է արվել Yahoo!-ի գլխավոր տնօրեն Քերոլ Բաթցը:









































