Սթիվ Ջոբսի մահվան լուրին արձագանքել է ողջ աշխարհը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ջոբսին անվանել է իր ուսուցիչ և ընկեր. «Շնորհակալություն այն բանի համար, որ ցուցադրեցիր մեզ, թե ինչպես մեր կողմից ստեղծվածը կարող է փոխել աշխարհը: Ես քո կարիքը շատ կզգամ»,- ասել է Ցուկերբերգը:
«Սթիվ, կատարելության հասնելու քո ձգտումը զգում է յուրաքանչյուր մարդ, ով առնչվել է Apple ընկերության որևէ արտադրանքի: Մենք բոլորս Google-ում և արտադրության մեջ, ընդհանրապես, շատ ենք կարոտելու քեզ»,- հայտարարել է Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը:
Ջոբսին մահին արձագանքել են նաև Twitter-ի օգտատերերը` բազմաթիվ գրառումներ թողնելով իրենց էջերում: Գրառումներից մեկում ասվում է, որ «Ջոբսը տեղափոխվեց iԴրախտ»: Ավելի ուշ գրառումներում հայտնվեցին iDead (iՄահ), iHeaven (iԴրախտ), iClouds (iԵրկինք) և iSad (iՏխրություն):
Քիչ առաջ Ջոբսի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որում Apple-ի հիմնադրին անվանել է «Մեծն նորարար և երազող»: «Սթիվը կանգնած է ամերիկացի նորարարների հետ մեկ շարքում` բավականաչափ քաջ, որպեսզի մտածեր ոչ այնպես, ինչպես մենք, բավականաչափ համարձակ, որպեսզի հավատար աշխարհը փոխելու հնարավորությանը, և բավականաչափ շնորհալի, որպեսզի աներ այդ ամենը»,- ասել է Օբաման` հավելելով, որ ավելի մեծ ճանաչում չի կարող լինել, քան այն, որ մարդիկ իմացել են նրա մահվան մասին իր իսկ կողմից ստեղծված սաքերի միջոցով:








































