– Պարոն նախագահ, վաղը առաջին անգամ կայցելեք Հայաստան: Որոնք են Ձեր սպասելիքները այցից:
– Այս այցը մեծ նշանակություն ունի ինձ համար: Վաղուց էի ցանկանում ձեր երկիր այցելել: Ի դեպ, այդ մասին ասել էի Նախագահ Սարգսյանին` նրա ընտրվելուց անմիջապես հետո, երբ նա ինձ հրավիրել էր: Դա ինձ համար ավելին էր, քան ցանկություն, ես անգամ չէի կարող մտածել Հայաստան չգալու մասին, որն այդքան մոտ է Ֆրանսիային: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի հետ համընկնող այս այցը միայն ուժեղացնում է նրա խորհրդանիշը:
Ցանկանում եմ, որ այս պետական այցը, նախորդ շաբաթ Նախագահ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո, առիթ հանդիսանա տոնելու մեր երկու երկրներին և երկու ժողովուրդներին միավորող բացառիկ կապերը:
Մեր բարեկամությունն իր արմատներով խորացած է պատմության մեջ, որը սակայն մեկընդմիշտ կոփվեց ցեղասպանության ողբերգության մեջ, երբ Ֆրանսիան ապաստան տվեց ջարդերից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերին:
Ֆրանսիան և Հայաստանը միավորող անքակտելի կապը վերջնականապես կնքվեց հենց այդ պահին, հայ ժողովրդի ապրած այդ ահավոր փորձության սարսափի մեջ, անասելի այդ ողբերգության մեջ, որն, ի դեպ, ամեն ոք պետք է համարձակություն ունենա կոչել իր անունով` ցեղասպանություն: Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է պաշտոնապես ճանաչել այն օրենքի ուժով:
Այցս նաև միջոց է արտահայտելու Ֆրանսիայի երախտագիտությունը հայկական արմատներ ունեցող հարյուր հազարավոր ֆրանսիացիների հանդեպ, առանց որոնց Ֆրանսիան չէր լինի այն Ֆրանսիան, ինչպիսին այսօր է: Մարդկային բացառիկ այս կապերի մեջ է, որ բաբախում է ֆրանս-հայկական հարաբերություններ սիրտը: Դրանք են, որ մեր երկու ժողովուրդները դարձնում են ավելի քան բարեկամներ` քույրեր:
Վերջապես, այս պահին, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 20-ամյակը, այցը նաև միջոց է հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին: Տարածաշրջանային բարդ պայմաններում դուք շատ բան եք արել. կերտել եք ժողովրդավարություն, հաջողությամբ իրականացրել եք անցում դեպի շուկայական տնտեսության, կարևոր և հարգված դերակատարություն ունեք միջազգային հարթակում:
Իհարկե, շատ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որին Ֆրանսիան խորապես ներգրավված է իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Կասկած չունեմ, որ ձեռնարկված քաղաքական և տնտեսական բարեփոխումները շարունակելով, Հայաստանին կունենա փայլուն ապագա: Հայաստանը միշտ կարող է հույսը դնել Ֆրանսիայի վրա:
– Ի՞նչ կարծիքի եք մեր երկրների հարաբերությունների մակարդակի մասին: Ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում դրանք պետք է ավելի խորացվեն:
– Մեր հարաբերությունները գերազանց են: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նրանք հենվում են եզակի բարեկամության վրա, որի մասին քիչ առաջ հիշատակեցի, և մարդկային կապերի վրա, որոնցով շաղախված են ֆրանս-հայկական կապերը:
Մեր երկրների միջև փոխադարձ ձգողականություն կա, երկուստեք տարվածություն, որոնք 4 տարի առաջ արտահայտվեցին “Հայաստան`իմ բարեկամ” խորագրով Ֆրանսիայում Հայաստանի տարվա և մեկ տարի անց Հայաստանում անցկացված Ֆրանսիական օրերի ընթացքում:
Վերջին տարիներին մեր երկրները բարձրակարգ համագործակցություն են ծավալել բազմաթիվ ոլորտներում` տնտեսական, կրթության, գիտահետազոտական և մշակութային: Սակայն ես կցանկանայի, որ մենք ավելի հեռուն գնայինք:
Տնտեսական առումով, 20 տարի առաջ, անկախության ձեռքբերումից հետո, Ֆրանսիան եղել է ձեր կողքին, ուղեկցել ձեզ տնտեսական զարգացման գործընթացում. ֆրանսիական բազմաթիվ ձեռնարկություններ ընտրել են Հայաստանը: Ֆրանսիական ներդրումների ծավալն աճում է առանձնահատուկ դինամիկայով: Պատահական չէ, որ այսօր Ֆրանսիան օտարերկրյա երկրորդ և արևմտյան առաջին ներդրողն է Հայաստանում:
Սակայն մենք կարող ենք և պետք է ավելին անենք: Օրինակ, պետք է ավելացնենք առևտրային շրջանառությունը, որի ծավալները դեռևս համեստ են: Ցանկանում եմ նաև, որ ավելի մեծ թվով ֆրանսիական ձեռնարկություններ` մեծ ու փոքր, հաստատվեն այստեղ և օժանդակեն տնտեսական զարգացմանը: Այս իմաստով, «Ֆրանս-հայկական գործարար ակումբը» գերազանց նախաձեռնություն է: Այն հանդիպման վայր կծառայի հայ և ֆրանսիացի ձեռնարկությունների համար, ծրագրերի ինկուբատոր կլինի, որոնցից օգուտ կքաղեն մեր երկու երկրների տնտեսությունները:
Կրթությունը մեր համագործակցության մեկ այլ ուժեղ կողմն է: Մի կողմից, մենք ունենք երկլեզու ուսուցմամբ և ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, մյուս կողմից` Հայաստանում Ֆրանսիական համալսարան, որտեղ իրավաբանության, կառավարման և շուկայագիտության ֆակուլտետներում ուսանում են 800 ուսանողներ: Պակասում է միջանկյալ օղակը, այսինքն` ֆրանսերենի դասավանդումը միջնակարգ դպրոցներում: Սրա վրա պետք է կենտրոնանան մեր ջանքերը: Այսպիսով, կկարողանանք մեր տրամադրության տակ ունենալ համընդգրկուն ցանց`մանուկ հասակից մինչև համալսարան, Հայաստանի վաղվա բարձրակարգ կադրերի պատրաստման համար:
Վերջին տարիներին զարգացել է նաև մեր համալսարանական համագործակցությունը: Յուրաքանչյուր տարի ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում են ավելի քան 750 հայ ուսանողներ: Ֆրանսիան հայ ուսանողներ ընդունող երկրորդ երկիրն է: Կարող ենք ավելին անել: Ցանկանում եմ, որ ավելի մեծ թվով հայ ուսանողներ գան Ֆրանսիա կրթություն ստանալու, որպեսզի հետագայում ձեր երկիրը կարողանա օգտվել նրանց ձեռք բերած գիտելիքներից և փորձից:
Վերջապես, ցանկանում եմ, որ շարունակենք խորացնել մեր գիտական և մշակութային համագործակցությունը:
– Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է: Հայաստանի և Ադրբեջանի մասին խոսելիս շատ փորձագետներ հղում են կատարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայի և Գերմանիայի փորձին, երբ չնայած հակասություններին, Փարիզն ու Բեռլինը ուժ գտան հաշտվելու և այսօր հանդես են գալիս որպես Եվրամիության ամենամոտ դաշնակիցները և առաջնորդները: Ի՞նչ եք մտածում այդ մասին, այդ համեմատությունը կիրառելի՞ է:
– Ֆրանսիայի և Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել:
Երբ մեր երկու երկրները ընտրություն կատարեցին դեպի հաշտություն, նրանք մի քանի տասնամյակների ընթացքում արդեն երեք անգամ հակամարտության մեջ էին մտել: Առաջին Աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ և սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա ուժ գտան հաշտվելու և հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության հենասյունը:
Դրան հասնելու համար անհրաժեշտ եղան այնպիսի բացառիկ անձնավորություններ ու պայծառատեսներ, ինչպիսիք էին գեներալ դը Գոլը և կանցլեր Ադենաուերը, ովքեր խաղաղություն հաստատելու համարձակություն դրսևորեցին: Քանի որ, այո, հաճախ ավելի շատ խիզախություն է հարկավոր խաղաղություն հաստատելու, քան պատերազմը շարունակելու համար: Լինելով իսկական պետական այրեր, պատերազմից ընդամենը մի քանի տարի անց, նրանք կարողացան համոզել իրենց ժողովուրդներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի` իր ատելությունը հաղթահարելու և հաշտության և համագործակցության ուղին բռնելու համար:
Հենց այս ուղին է, որ դուք, հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեր համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն և ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները:
Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած և այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը և գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ Նախագահ Ալիևին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երևան իմ այցից հետո:
– Ֆրանսիան հակամարտությունների կարգավորման մեծ փորձ ունի, ինչպես դա ցույց տվեց 2008-ի ամռանը Ռուսաստանի և Վրաստանի միջ ծագած ճգնաժամի ընթացքում: Ֆրանսիան և ԵՄ կարո՞ղ են ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերել ԼՂ կարգավորման գործընթացում, մասնավորապես, եթե հաշվի առնենք Եվրամիության ավելի ակտիվ դերակատարություն ունենալու ցանկության մասին բազմաթիվ հայտարարությունները:
– Վերջին տարիներին Եվրամիությունն ուժեղացրել է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, և դա ինձ ուրախացնում է: ԵՄ-ն դա արել է նախ Եվրոպական Հարևանության Քաղաքականության միջոցով, հետո` Արևելյան Գործընկերության շրջանակներում, որին Ֆրանսիան սատարել էր ամենասկզբից, 2009-ից:
Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունը ավելի սերտ կապեր հաստատի տարածաշրջանի երկրների հետ` սկսած Հայաստանից: Եվրամիության համար Կովկասը ռազմավարական տարածաշրջան է և Եվրամիության հետ ասոցացման և գործընկերության կապերը կօժանդակեն բարեկեցությանը, ժողովրդավարության ամրապնդմանը և երկխոսությանը կովկասյան երեք երկրներում:
ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին սատարելու համար կա ձևաչափ` Մինսկի խումբը: Խմբի համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը վայելում է երկու կողմերի վստահությունը և լիովին ներգրավված է նրանց հետ հակամարտության կարգավորման պայմանները սահմանելու համար: Բայց նախ դուք` հայերդ և ադրբեջանցինը, պետք է այդ ճանապարհը գտնեք: Մենք կարող ենք օգնել, կարող ենք ձեզ ուղեկցել, սակայն մենք չենք կարող խաղաղություն հաստատել ձեր փոխարեն:
– Ֆրանսիան մասնակցել է Հայաստան-Թուրքիայի հաշտեցման գործընթացին: Երկու տարի առաջ արձանագրությունների ստորագրմանը ներկա էր նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները : Տեսնու՞մ եք նոր հեռանկարներ Երևանի և Անկարայի միջև հարաբարությունները կարգավորելու համար: Փարիզը կարող է որևէ կերպ աջակցել կողմերին:
– Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին արձանագրությունների ստորագրումը Թուրքիայի և Հայաստանի միջև մեծ հույսեր արթնացրեց: Հաշտեցման այդ գործընթացն այսօր փակուղում է: Ես խորապես ցավում եմ դրա համար:
Նախագահ Սարգսյանը խոհեմություն և հեռատեսություն ցուցաբերեց` Փարիզում կայացած մեր հանդիպումներից մեկի հաջորդ օրը հայտարարելով, որ Հայաստանը պատրաստակամ է վավերացնելու այդ արձանագրությունները, երբ Թուրքիան դրան պատրաստ կլինի: Հուսով եմ, որ գործընթացը շուտով կվերսկսվի:
Mediamax










































