Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ամենօրյա հանրահավաքը: Հրապարակ եկավ ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով ողջունեց ներկաներին` «բարի երեկո, վրանային քաղաք» խոսքերով: Նա նշեց, որ Երևան մտնող ճանապարհները շարունակում են փակված մնալ, սակայն Շիրակի, Գյումրու, Ապարանի և այլ շրջանների բնակիչներ ոտքով գալիս են Երևան:
Ն.Փաշինյանը նշեց, որ քաղաքական պայքարը զուրկ է անորոշությունից, և նպատակը արտահերթ ընտրությունների անցկացումն է: «Ինչու ենք պահանջում արտահերթ ընտրություններ… Սահմանադրությամբ պետության ղեկավարը երկրի գլուխն է, այն չի կարող ունենա հիվանդ գլուխ: Ս.Սարգսյանը չի ստացել ՀՀ ընտրողների քվեն, հետևաբար չի կարող լինել պետության գլուխ»,- բացատրեց Ն.Փաշինյանը:
Նախագահական ընտրություններում ես ունեմ իմ թեկնածուն, և վստահ եմ, որ նա բարիք է բերելու իմ պետությանը, սակայն սա չի նշանակում, որ մեր պայքարը մեկ անձին իշխանության բերելն է: «Միավորվել ապօրինի իշխանությանը հեռացնելու համար, մեր պայքարը հանուն Սահմանադրության է և հանուն օրինականության: Մեր պայքարը ոչ թե նրա համար է, թե ով ընտրվի, այլ՝ ով ընտրի, այսինքն՝ ժողովրդի իշխանության հաստատման համար պայքար է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:











































