Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը հանդիսավոր և նշանակալի կերպով նշելու որոշումը կայացվել է 1931 թ. Ֆլորենցիայում Բնության պահպանության կողմնակիցների միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսում ներկայացված երկրների պատվիրակները և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
Հայաստանն այսօր անմասն չմնաց Կենդանիների պաշտպանության միջազգային օրը նշելուց: Երևանի կենդանաբանական այգում այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը փոքրիկ զբոսանք կազմակերպեց Կենդանաբանական այգով, որի ընթացքում ներկայացրեց հոկտեմբերի 14-18-ը կայանալիք «Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի միջոցառումները, ապա կենդանիների ներկայիս վիճակը: Նա նաև ներկայացրեց այգու ծայրամասում կառուցվող ազատավանդակը՝ նախատեսված կատվազգիների համար: Արդեն հաջորդ տարի այգու երեք խոշոր կատվազգիները հնարավորություն կունենան ապրել ավելի ազատ և միջազգային կենդանաբանական այգիների նորմերին համապատասխան վանդակում, որը այցելուներից կենդանիներին կբաժանի ապակու միջոցով: Ազատավանդակում լինելու են ժայռեր, լիճ, ծառեր ու այն ամենը, ինչ կենդանիների համար ավելի հարմար պայմաններ կստեղծի: Այսօր կենդանաբանական այգին լի էր այցելուներով, ովքեր հատուկ այսօր՝ կենդանիների միջազգային օրվա կապակցությամբ, որոշել էին այցելել կենդանիներին:









































