Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Կիպրոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Թուրքիայի, Միջերկրական ծովի արևելքի և Մերձավոր Արևելքի միջև ուժերի հավասարակշռությունը» խորագրով զեկույցը։ Այն հրապարակվել է կիպրական «Սիմերինի» թերթում և վերնագրվել հետևյալ կերպ. «Թուրքերը հաչում են, սակայն չեն կծում»։
Զեկույցում վստահեցվում է, որ Թուրքիան Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Մերձավոր Արևելքի խոշորագույն ռազմուժը չէ։ Որոշակի պարամետրերով՝ Եգիպտոսը, Իրանը և Սիրիան գերազանցում են Թուրքիային։
Զեկույցում նշված է, որ թեև Հունաստանի համեմատ Թուրքիան ունի ավելի շատ զինվորներ, տանկեր, մարտական ինքնաթիռներ ու ռազմանավեր, այնուամենայնիվ, այդ ամենը դեռ նրան միանշանակ հաղթանակ չի ապահովում Հունաստանի դեմ պատերազմում։
Ըստ զեկույցի՝ Իրանի զինված ուժերն ունեն 523,000 զինծառայող, Թուրքիայինը՝ 510,000 զինծառայող, Եգիպտոսինը՝ 468,000 զինծառայող։ Հունաստանն ունի 7-րդ ցուցանիշը՝ 139,000 զինծառայող։
Թուրքիան ունի 4563 տանկ, մինչդեռ Սիրիան ունի 4950 տանկ։ Հունաստանն իր հերթին ունի 1950 տանկ։ Սիրիան ունի 565 մարտական ինքնաթիռ, Եգիպտոսը՝ 555 մարտական ինքնաթիռ, Իսրայելը՝ 460 մարտական ինքնաթիռ, Թուրքիան՝ 426 մարտական ինքնաթիռ, Հունաստանը՝ 303 մարտական ինքնաթիռ։
Ինչ վերաբերում է ռազմական նավատորմին, ապա հետազոտության մեջ նշված է, որ թուրքական նավատորմը խոշորագույնն է միջերկրածովյան և մերձավորարևելյան բոլոր երկրների մեջ։







































