Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը բավական ուշագրավ հաղորդագրություն է տարածել Կաթողիկոս Գարեգին Բ-ի մի հանդիպման մասին: Կաթողիկոսը ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող քաղաքական բարդ իրավիճակի համար` մաղթելով, որ Աստծո օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը հաղթահարի իր առջև ծառացած խոչընդոտները: Սիրիայում բառիս բուն իմաստով ուղղակի մարդասպանություն է կատարվում պետական մակարդակով, ինչը, անշուշտ, պետք է մտահոգի ցանկացած բանական մարդու:
Բայց այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս ամբողջ ընթացքում որևէ մտահոգություն չհայտնեց Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրավիճակի կապակցությամբ: Մի՞թե սեփական հայրենիքը, սեփական հայրենակիցները ավելի թանկ չպետք է լինեն հոգևոր առաջնորդի համար: Եվ մենք, ըստ էության, չենք էլ կասկածում, որ ավելի թանկ են, պարզապես ցավալի է, որ այստեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը առաջնորդվում է քաղաքական կոնյունկտուրայով և զոհ դառնում, այսպես ասած, Հայաստանում ձևավորված բարքերին, կամա թե ակամա, ծառայելով իշխանությանն ու կատարելով չխառնվելու՝ իշխանության ուղղակի կամ անուղղակի հրամայականը: Եկեղեցուն թույլատրված է հետաքրքրվել Սիրիայով, մտահոգվել Մարսով, բայց ոչ մի բան չանել ու չասել Հայաստանում առկա քաղաքական-քաղաքացիական իրողությունների կապակցությամբ, ոչնչով չանդրադառնալ Հայաստանի ժողովրդի հասարակական կյանքի խնդիրներին:
Հայ Առաքելական եկեղեցու մտահոգության և հոգատարության կարիքն ավելի շատ ունի Հայաստանի, քան Սիրիայի քաղաքացին: Հայ Առաքելական եկեղեցու բարոյական աջակցության կարիքն ունի Հայաստանի քաղաքացին, որը հայտնվել է անիրավության համակարգային ցանցում և ենթարկվում է նյութական ու բարոյական համատարած շահագործման, իսկ երբ դուրս է գալիս այդ անիրավության դեմ պայքարի, բախվում է արդեն ֆիզիկական բռնության: Մեր եկեղեցու, իր եկեղեցու մտահոգության և հոգատարության սպասման մեջ Հայաստանի քաղաքացին է, և այդ պարագայում առավել քան զարմանալի է, որ հեռավոր Սիրիայի դեպքերով և բարդ քաղաքական իրավիճակով մտահոգ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը անուշադրության է մատնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքում, ինչին ենթարկվում է Հայաստանի քաղաքացին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, հոտի անդամը, կամ պարզապես` հայ մարդը:










































