Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ցանկանում են Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների իրագործում.
«Մոտ ապագայում Ադրբեջան է այցելելու Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։ Պլանավորված է, որ Ռուբինը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանում։ Այդ հանդիպումներում քննարկվելու են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, դեպի Աֆղանստան ռազմական բեռներ փոխադրելու հարցում Ադրբեջանի տարանցիկ դերը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, Ադրբեջանի ներքին և տնտեսական բարեփոխումները։ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները ցանկանում են Ադրբեջանում ավելի շատ ժողովրդավարական բարեփոխումներ տեսնել»։
Հիշեցնենք, որ Էրիկ Ռուբինն իր տարածաշրջանային այցի շրջանակներում Ադրբեջան է այցելելու հոկտեմբերի 16-17-ը։ Դրանից հետո նա այցելելու է Վրաստան և Հայաստան։