Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Քննարկվեց հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ա. Գևորգյանը հորդորեց բոլոր պատասխանատու կառույցներին աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց միջազգային և տեղական կազմակերպություններին` գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար:
Փոխվարչապետը նշեց, որ անհրաժեշտ պայմաններն ապահովված են` գործընթացի բնականոն իրականացման համար, և հույս հայտնեց, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:











































