Գերմանիայի իշխանությունները բազմիցս խոչընդոտել են Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սայֆ Ալ-Արաբ Քադաֆիի դեմ հարուցված քննչական գործերին: Այս մասին գրում է Der Spiegel-ը` վկայակոչելով Բեռլինի անհայտ աղբյուրը:
2006-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Սեյֆ Ալ- Արաբի դեմ հարուցվել է քրեական 11 գործ տարբեր հոդվածներով: Մասնավորապես, նա մեղադրվել է զենքի անօրինական շրջանառության, ծեծկռտուքների մասնակցելու, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու, ոստիկանության աշխատակիցների վիրավորելու համար:
Գերմանիայի ԱԳՆ-ն և Դաշնային հետախուզության ծառայությունը խոչընդոտել են ոստիկանության աշխատակիցների գործողություններին, քանի որ այդ գործերի հետաքննությունը կարող էր անցանկալի դիանագիտական հետևանքներ ունենալ:
Մուամար Քադաֆիի որդին Գերմանիայում ոչ մի դիվանագիտական կարգավիճակ չի ունեցել: Նախարարությունը, հնարավոր է, զգուշանում էր, որ Սեյֆ Ալ-Արաբի վրա ճնշումը կարող էր բացասական անդրադառնալ Լիբիայում գերմանացի դիվանագետների համար և այլ անցանկալի հետևանքների հանգեցնել:
Spiegel-ի տեղեկություններով` միայն 2010 թ. Գերմանիայի ԱԳՆ-ն 5 անգամ միջամտել է մյունխենյան ոստիկանության գործողություններին և պահանջել հաշվետվություն ներկայացնել հետաքննության ընթացքի մասին:
Ինչպես հաղորդում են Մուամար Քադաֆիին մոտ կանգնած աղբյուրները, Սեյֆ Ալ-Արաբը և Քադաֆիի ընտանիքի այլ անդամներ զոհվել են Լիբիայում 2011 թ. մայիսին` ՆԱՏՕ-ի զորքերի ռմբակոծությունների ժամանակ: Սակայն անկախ աղբյուրներից այս տեղեկությունը չի ճշտվել:









































