Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյի վարկանիշը երկրում տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել է: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները:
Գործակալությունը գրում է, որ սեպտեմբերին Բելառուսում անցկացված հետազոտությանը մասնակցած 1503 մարդուց միայն 20.5%-ն է պատրաստ քվեարկել Լուկաշենկոյի վերընտրման օգտին: «Այլ խոսքով` 9 ամսում նրա հեղինակությունն ընկել է 2.5 նգամ և հասել հետազոտական ինստիտուտի պատմության մեջ ամենացածր ցուցանիշին»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Լուկաշենկոյի հեղինակության անկման պատճառ են դարձել երկրի տնտեսական դժվարությունները, ազգային արժույթի դևալվացիան և առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը:
2010 թ. դեկտեմբերին Բելառուսում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի վարկանիշը 53% էր:











































