2011 թ. գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 6-ին Ստոկհոլմում: Այս մասին հաղորդվում է Շվեդիայի ակադեմիայի կայքում, որն ամեն տարի հայտարարում է մրցանակակրի անունը:
Նոբելյան հիմնադրամի օրենքներով` բոլոր թեկնածուների անունները հնարավոր է իմանալ միայն 50 տարի հետո: 2010 թ. գրականության Նոբելյան մրցանակ է ստացել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան:
Շվեդիայի ակադեմիան, ֆրանսիականի օրինակով, հիմնվել է 1786 թ. թագավոր Գուստավ 3-րդի կողմից շվեդական լեզվի և գրականության պահպանման և զարգացման համար: Ակադեմիայի կազմում կա 18 անդամ, որոնք ընտրվում են ցմահ` ակադեմիայի հիմնական անդամների քվեարկությամբ:
Այսօրվանից հայտնի կդառնա նաև մյուս բնագավառների մրցանակակիրների անուները, իսկ հոկտեմբերի 7-ին կշնորհվի Խաղաղության մրցանակը:
Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում և Օսլոյում դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: 2010 թ. Նոբելյան մրցանակ շնորհվել է ընդհանուր առմամբ 11 մարդու Մեծ Բրիտանիայից, Պերուից, Չինաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից:









































