Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է նոր կարևոր քայլ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավելյալ միջոցներ կիրառելու մասին նոր որոշում է ընդունել՝ հաշվի առնելով ներկայիս ժամանակաշրջանը, երբ բավական ակտիվացել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Այդ նպատակով պատրաստվել է հատուկ նախագիծ, որը դրամական փոխհատուցում է նախատեսում այն անձանց համար, ովքեր նպաստել են ահաբեկիչների ձերբակալությանը կամ ինքնության պարզմանը։ Նշվում է, որ Թուրքիան այս հարցում օրինակ է վերցրել ԱՄՆ-ից, ուր հաջողությամբ գործում է այդ համակարգը։
Հիշեցնենք, որ թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին (հիմնադիր՝ Աբդուլլահ Օջալան), Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին։ Ցայժմ այդ պայքարի արդյունքում երկու կողմից զոհվել է 40-45 հազար մարդ։
Ի դեպ, այս տարվա օգոստոսին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիային արժեցել է 1 տրիլիոն դոլար։









































