Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ցանկանում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանական և իրանական գազով։ Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, թե Թուրքիան դադարեցնում է «Արևմտյան» գազատարով ռուսական գազի ներկրումը, որով և Ուկրաինան, Ռումինիան ու Բուլղարիան զրկվեցին ռուսական գազի տարանցումից։
Յըլդըզը նշել է, որ դա մեծ ազդեցություն չի ունենա երկրի ընդհանուր վիճակի վրա, քանի որ Թուրքիան շարունակում է Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարով գազ ստանալ Ռուսաստանից, ինչպես նաև Իրանից ու Ադրբեջանից։ Բացի այդ, Թուրքիային հեղուկ գազ են մատակարարում Նիգերիան և Ալժիրը։
Թեև Յըլդըզը հայտնել է, որ Թուրքիայում գազի գինը չի բարձրանա, այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ից այն որոշակիորեն թանկացել է։ Այժմ Թուրքիան պլանավորել է ավելացնել ադրբեջանական և իրանական գազի ներկրումը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ռուսական ածխաջրածինների երկրորդ խոշոր ներկրողն է։









































