ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան մտահոգություն է հայտնել Իսրայելի մեկուսացման գործընթացի պատճառով և կոչ է արել այդ երկրի իշխանություններին վերականգնել հարաբերությունները տարածաշրջանի նախկին գործընկեր երկրների հետ,-հաղորդում է Associated Press գործակալությունը` հավելելով, որ այդ մասին Պանետտան ասել է Իսրայել ուղևորվող ինքնաթիռի մեջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Պանետան ասել է, որ Իսրայելի նման մեկուսացմանը Մերձավոր Արևելքում նպաստել է «արաբական գարունը», երբ մի շարք արաբական երկրներում տեղի ունեցան հեղափոխություններ: «Հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ ծայրահեղ անցանկալի է, որ Իսրայելը ավելի մեկուսացվի: Սակայն հիմա հենց դա էլ տեղի է ունենում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ դիվանագիտական ոլորտի թուլությունը հնարավոր չէ փոխհատուցել ռազմական գերակայությամբ: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ Իսրայելը վերականգնի հարաբերությունները Եգիպտոսի, Թուրքիայի և այն երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը նախկինում արդյունավետ է եղել:
Տեղեկացնենք նաև, որ Պանետան այսօր ժամանում է Իսրայել, որտեղ հանդիպումներ կունենա հրեական պետության ղեկավարության հետ: Հետագայում նախատեսված է նրա հանդիպումը պաղեստինյան ղեկավարության հետ, ինչպես նաև այցելությունը Եգիպտոս:









































