Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքում ասաց, որ երկրի տերը նա է, ով սիրում է այդ երկիրը, իսկ սիրող մարդուն իր սիրտը ցույց է տալիս այդ սերը: Նրա խոսքով` այս գիշեր ժամը չորսին կանայք, ովքեր իր մոր տարիքին են, ավլում էին Ազատության հրապարակը, այդ մարդկանց սերը անսահման է այս երկրի հանդեպ.«Այստեղ այն մարդիկ են, ովքեր սիրում են այս երկիրը, այստեղ հավաքված է այս երկրի սերուցքը, այս երկրի տերը»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նա դիմեց հանրահավաքի մասնակիցներին.«Դուք այս երկրի ամենահավատարիմ մարդիկ եք: Հավատացե՛ք, ով կասկածում է հավատարմությանը, հավատում է դավաճանությանը, դավաճանությանը հավատացող մարդը մեղք է, խեղճ, դավաճանությանը հավատացող մարդը ապրում է վախի մեջ, և ես ուզում եմ` այդ մարդիկ հավատով ապրեն, դուրս գան այդ վիճակից, ես ուզում եմ, որ այստեղ հավաքվածներով փոխենք նաև այդ մարդկանց կյանքը, ես ուզում եմ, որ հայ մարդը արժանապատիվ ապրելակերպ ունենա և չդիմի գողության, ես ուզում եմ, որ հայ մարդը, պաշտոն ունենալով չգնա կոռուպցիայի»,-ասաց Արամ Սարգսյանը:









































