«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները հայաստանյան քաղաքական դաշտում նոր իրավիճակ չեն ստեղծել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` միաժամանակ չբացառելով, որ շուրջօրյա հանրահավաքները ժամանակի հետ կարող են վերաճել ավելի լուրջ գործընթացների:
Պատգամավորի խոսքով, սակայն, դրա համար որոշակի նախադրյալներ են անհրաժեշտ, նախ` լուրջ գործընթացների տրամադրվածություն և որոշակի նպատակ: «Կարծում եմ` ՀԱԿ-ն ուզում է վերադառնալ իշխանության հետ երկխոսության: Բայց 7 օր շարունակ Ազատության հրապարակում հանրահավաքներ անելն այդ դեպքում անհասկանալի է և ոչ այդքան տեղին»,- նկատեց Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն ուրբաթ օրվանից մեկ շաբաթ ժամկետով շուրջօրյա հանրահավաքներ է հայտարարել: Հանրահավաքներն անցկացվում են Ազատության հրապարակում:
Հիշեցնենք նաև, որ իշխանությունները ՀԱԿ-ի հետ երկխոսությունը վերսկսելու մասին քննարկումները, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի, սկսելու են երկուշաբթի օրը:









































