Միացյալ Նահանգները և Ուկրաինան Վաշինգտոնում ստորագրել են հազվագյուտ հանածոների վերաբերյալ համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` կստեղծվի Ուկրաինայի վերականգնողական հիմնադրամ, որի միջոցով նաև ԱՄՆ հասանելիություն կստանա Ուկրաինայում հազվագյուտ հանածոներին:
Սա համաձայնագիր է, որ Վաշինգտոնը տևական ժամանակ ակնկալում էր Կիևից, իսկ Կիևը դրա դիմաց ակնկալում էր անվտանգության երաշխիքներ: Անվտանգության երաշխիքների մասին խոսք չկա, թեև ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունն այն գոտիներում, որտեղ կան տնտեսական այդ ռեսուրսները, կապահովի, որպեսզի այդ գոտիները չհայտնվեն որևէ թիրախում:
Այլ կերպ ասած, Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ կպաշտպանի Ուկրաինայում իր ներկայությունը: Այս համաձայնագրի ստորագրումն արդյո՞ք նշանակում է, որ մոտ է ուկրաինական պատերազմի դադարը: Սա առայժմ բաց հարց է, որովհետև պարզ չէ, թե բացի հանածոների վերաբերյալ ԱՄՆ ակնկալիքներից, արդյո՞ք Կիևը բավարարել է նաև ակնկալիքները կապված հրադադարի պայմանների հետ:
Հիշեցնեմ, որ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության օրը կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև: Ըստ ամենայնի՝ հենց այդ՝ մոտ 15 րոպե տևած հանդիպման ընթացքում էլ վերջնականապես լուծվել է հանածոների մասին համաձայնագիրը ստորագրելու հարցը:
Մյուս էական հարցը, որ կարող է լինել հետագա զարգացման առնչությամբ, այն է, թե արդյո՞ք համաձայնագրի ստորագրումը նշանակում է, որ ԱՄՆ այդպիսով այլևս չի դիտարկի ուկրաինական գործընթացից դուրս գալու հնարավորությունը, ինչի մասին հայտարարում էր Դոնալդ Թրամփն ավելի վաղ՝ ասելով, որ այդպես կվարվի, եթե Կիևն ու Մոսկվան չցուցաբերեն պայմանավորվելու պատրաստակամություն: Եթե Վաշինգտոնը ստորագրում է հանածոների համաձայնագիրը Կիևի հետ, ապա դա կնշանակի, որ մնալու է գործընթացում՝ անկախ հրադադարի հասնելու ժամանակից: Համենայն դեպս, այդպես է հուշում տրամաբանությունը:
Ավելին՝ բացառված չէ, որ հենց այդ հայտարարություններով Թրամփը կորզեց Կիևից հանածոների վերաբերյալ համաձայնությունը՝ այլապես սպառնալով դուրս գալ գործընթացից, ինչը Կիևի համար կլիներ բավականին մեծ հարված: Այդուամենայնիվ, պատերազմի հարցը շարունակում է լինել գլխավորը, որովհետև պատերազմական գործողությունների շարունակությունից է կախված համաձայնագրի իմպլեմենտացիան: Իհարկե, այդ փուլին հասնելու համար այն դեռ պետք է վավերացվի Ուկրաինայի խորհրդարանում:










































