Հայաստանի ընդդիմությունը ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին արարողությունը՝ Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ջահերով երթը, ներկայացնում է որպես իշխանության «ուրացման դեմ բողոք»: «Ոչ ոք չի կարող ստիպել, որ մոռանանք»,- այս կարգախոսն է հնչում: Իշխանությունը գոնե այդ օրը լռում է, բայց նրան աջակցող մամուլը, հանրային գործիչները «թռչնի թռիչքի բարձրությունից» արված լուսանկարներ, տեսանյութեր են տարածում և արձանագրում, որ «ջահերթի մասնակիցների թիվն իջել է պատմական մինիմումին»: Այսինքն, հակաիշխանական «ակցիան չի ստացվել»:
Ի՞նչ մթնոլորտում է Հայաստանը եկող տարի ոգեկոչելու ցեղասպանության զոհերին՝ կարելի է միայն պատկերացնել: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ, սուր բևեռացում, փոխադարձ մեղադրանքներ, պատմական անցյալի այս կամ իրադարձության շահարկում:
Ապրիլի 23-ին ֆեյսբուքյան գրառում էի արել. «Հայաստանը ցեղասպանության մասին օրենք ունի՞»: Արձանք չեղավ: Կարծում եմ՝ չունի, չկա նաև ապրիլի 24-ի պետական արարողակարգ կամ այն է, ինչ ժառանգություն է թողել Խորհրդային Հայաստանը: Մնացածը՝ ով ինչպես կարող է կամ նպատակահարմար է տեսնում:
Ապրիլի 23-ի երեկոյան Իսրայելում սկսվել է Հոլոքոստի զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողությունը: Արձանագրվել է միջադեպ, վարչապետ Նաթանյահուն տանսերկու րոպե ուշացել է՝ «կապված անվտանգության խնդիրների հետ»,- բայց նրան չեն սպասել, միջոցառումը մեկնարկել է տեղական ժամանակով 20:00-ին:
Նույն դահլիճի ամբիոնից ելույթ են ունեցել նախագահ Հերցոգը և վարչապետ Նաթանյահուն, որ քաղաքական համախոհներ չեն, Իսրայելի ներկայի և ապագայի վերաբերյալ գրեթե տրամագծորեն հակադիր մոտեցումներ ունեն: Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ վարչապետից պահանջում են առաջին հերթին լուծել պատանդների հայրենադարձության հարցը: Նաթանյահուն միանգամից չորս քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ, «Շաբակի» տնօրենը նրան մեղադրում է հատուկ ծառայությունն անձնական հակառակորդների դեմ օգտագործելու փորձերի մեջ, բայն նա Նաթանյահուի հետ մասնակցել է պետական միջոցառմանը:
Եվ որևէ կուսակցություն չի կարող այդ օրը հակակառավարական ցույց, հանրահավաք կամ երթ անցկացնել, որովհետև արարողակարգը սահմանված է «Աղետի և հերոսության օրվա» մասին դեռեւս 1959 թվականին ընդունված օրենքով, որ մեկ առ մեկ թվարկում է, թե ինչ միջոցառումներ և ինչպես են անցկացվում: Ընդ որում, այդ օրը տեղական ժամանակով 20:00-ին երկրի ամբողջ տարածքում պետական դրոշը կիսով խոնարհվում է, մեկ օրով փակվում են զվարճանքի և հանգստի բոլոր հաստատությունները, իսկ հաջորդ օրը հնչում է տագնապի շչակը, և երկիրը երկու րոպե ոտքի վրա քարանում է:
Հայաստանն ինչու՞ չունի «Հայոց ցեղասպանության մասին» օրենք, ինչո՞ւ ապրիլի 24-ի միջոցառումները սահմանված չեն պետական արարողակարգով, և բանը հասնում է նրան, որ մամուլը դժգոհում է, թե ինչու՞ են փակում Ծիծեռնակաբերդի ճանապարհը: Եվ դա, պետք է խոստովանել, արդարացի է, եթե օրենքով սահմանված չէ, որ 24-ի, ասենք, ժամը 11: 00-12:00-ն հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է, ապա մարդ ինչո՞ւ պիտի մեկ ժամ սպասի:
Աշխարհում ի՞նչ կարծիք պիտի մեր մասին ունենան, եթե պետական տոների, ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրով գործող իշխանությունը և նախկին նախագահները Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր այցելում են տարբեր ժամերի: Ընդ որում՝ «սեփական» լրատվամիջոցների ուղեկցությամբ: Ընդ որում, յուրաքանչյուրը տպավորություն է ստեղծում, թե հենց ինքն է մարմնավորում Հայաստանը, արտահայտում նրա քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի մտահոգությունները և իղձերը:
Այդպես չի կարելի, ընկերներ և պարոնայք: Այդպես չի կարելի հատկապես ապրիլի 24-ին: Ինչո՞ւ: Այս հարցին երեսուն-երեսունհինգ տարի առաջ Հրանտ Մաթևոսյանն է ստույգ պատասխանել. Որովհետև, երբ Օսմանյան կառավարությունը հայերին բռնատեղահանում էր, սպանում, սովի մատնում՝ չէր տարբերակում, թե ով է դաշնակցական, ով՝ հնչակ կամ ռամկավար, ով էր առաքելական եկեղեցու հետևորդ, ով՝ կաթոլիկ, ով էր հարուստ, ով՝ աղքատ: Ցեղասպանության է ենթարկվել ժողովուրդը: Զոհերի ոգեկոչումն էլ համաժողովրդական է, բայց ժողովուրդն ունի իշխանություն, նա էլ պետք է սահմանի պետական արարողակարգ: Միայն այդպես է հնարավոր հարգել ապրիլի 24-ը: Այդ դեպքում Հայաստանը միջազգային հարգանքի կարժանանա: Իսկ մենք դեռ սպասում ենք, թե ապրիլի 24-ին որ երկրի առաջնորդն ինչ կասի:
Լուսանկարը՝ panorama.am-ի





































