Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը հարցազրույց է թվել թուրքական մեդիառեսուրսին՝ դրանում խոսելով նաև Հայաստանի հետ Պեկինի հարաբերության մասին: Չին դիվանագետը, մասնավորապես, արել է բավականին ուշագրավ հայտարարություն: Ընդհանրապես, թուրքական մեդիառեսուրսին նրա հարցազրույցը ուշադրության է արժանի նրանով, որ ժամանակագրական առումով փաստորեն զուգորդվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Չինաստան կատարած այցի հետ: Ալիևը Չինաստանում է ապրիլի 22-24-ը:
Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ասել է, որ Պեկինը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ՝ տրանսպորտի ոլորտի վերաբերյալ՝ ավելացնելով, որ նոր նախագծերը վերաշարադրելու են Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Դիվանագետը չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով, որտեղ, ինչ պաշտոնյաների մակարդակով է նախատեսվում ստորագրել տրանսպորտային համաձայնագիրը: Ինչպիսի՞ն է լինելու դրա բովանդակությունը: Արդյո՞ք այն վերաբերելու է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղուն:
Շաբաթներ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ սպասվում են Չինաստանի հետ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այցեր: Միրզոյանը չէր մանրամասնել թե՛ ժամանակագրությունը, թե՛ հնարավոր ձևաչափերը: Արդյո՞ք Իլհամ Ալիևին ընդունելուց հետո Պեկինը կարող է հրավեր հղել նաև Նիկոլ Փաշինյանին: Դա կախված կլինի Ալիևի այցի արդյունքի՞ց, թե՞ արդեն իսկ կա պլանավորում:
Բարդ է ասել միարժեք, սակայն մի բան բավականին նկատելի է, որ Չինաստանը մտադիր է ակտիվացնել իր ներկայությունը Կովկասում, ինչի առնչությամբ, ի դեպ, տեսակետ արտահայտել էի դեռևս նախորդ տարի հուլիսին, երբ Չինաստանն Ադրբեջանի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր: Միևնույն ժամանակ, չինական քաղաքականության ծիրում նաև Հայաստանի տեղադիրքի վերաբերյալ պեկինյան պատկերացումների մասին վկայեց նաև շաբաթներ առաջ նույն Չեն Մինի հոդվածը՝ հայ-չինական դիվանագիտական հարաբերության տարեդարձի կապակցությամբ, որում նա հստակ արձանագրում էր, որ Չինաստանը Հայաստանին առաջարկում է խաղալ «Գլոբալ Հարավի» այսպես ասած թիմում: Պեկինը փորձելու է միևնույն թիմում ներառել Բաքվին ու Երևանի՞ն:








































