Դոնալդ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն ստանձնելուն հաջորդած նրա հայտարարությունները, որ Եվրոպան այսուհետև սեփական անվտանգության համար ավելի մեծ ծախսեր պետք է կատարի, ԱՄՆ-ն պարտավորված չէ եվրոպացիներին անվերջ իր «հովանոցի տակ առնել», միջազգային փորձագիտական շրջանակներում ընկալվեցին որպես Եվրոպայի ռազմականացման հստակ ազդակ:
Տպավորություն էր, որ ԱՄՆ-ի նախագահը Եվրոպային կանգնեցնում է լրջագույն երկընտրանքի առջև, կամ ընդունել, որ Ռուսաստանը պետք է վերականգնի ԽՍՀՄ ազդեցության գոտին, կամ այդ հեռանկարին հակազդել սեփական ուժերով: Թրամփի պաշտոնամուտին հաջորդած ավելի քան երեք ամիսներին Եվրամիությունում, ինչպես նաև Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա-Գերմանիա ձևաչափով ընթացող քննարկումները վկայում են, որ Եվրոպան Ռուսաստանի ազդեցության գոտին չի ճանաչում և Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ծրագրավորումներին ենթարկվելու մտադրություն չունի: Կոպիտ ասած՝ «Եվրոպայի առևանգումը» չի ստացվում:
Բայց դա առայժմ միայն քաղաքական դիմադրություն է, որ պետք է ամրապնդվի անվտանգային բաղադրիչներով: Հակառակ դեպքում հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներում կարող են բոլորովին այլ տրամադրություններ գերիշխել: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս Ֆրանսիային է վերապահել Եվրոպայի անվտանգության ապահովման առաջատարի դերը՝ նկատի ունենալով նրա ռազմաարդյունաբերական համալիրի ներուժը: Իհարկե, այստեղ կարևոր է նաև այն, որ Ֆրանսիան միջուկային տերություն է և կարող է «հովանոցի տակ առնել» հարևաններին:
Փորձագետների մեծ մասը, այդուհանդերձ, այն կարծիքին է, որ Եվրոպայի անվտանգության երաշխավորի հիմնական բեռն իր վրա պետք է վերցնի Գերմանիան: Այս առումով կարևորվում է Գերմանիայի ապագա կանցլեր Մերցի հայտարարությունը, որ իր երկիրը կունենա ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը: Ներկայումս այդ դիրքում Թուրքիան է, որ զինված ուժերում ծառայում է 400 հազար հոգի, ևս այդքան էլ հաշվառված է պահեստազորում:
Որքանով դիտարկվում է եվրոպական մամուլի հրապարակումներից, ոչ ոք կայուն երաշխիքներ չունի, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, իսկ Եվրոպայի առաջատար և համեմատաբար դիմադրողունակ երկրները դրանք են, կարող են «պան-Եվրոպայի» հարցում ընդհանուր հայտարարի հասնել:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» այդ կապակցությամբ տեսակետ է հայտնել, որ Արևելյան Եվրոպայի երկրներն իրենց այսօրվա տեսքով ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և փաստ է վկայակոչում, որ այդ համատեքստում «միլիոնավոր գերմանացիներ տարաբնակեցվել են Գերմանիայում»: Պարբերականը ոչ առանց քաղաքական ենթատեքստի նկատում է, որ Գերմանիայից մինչև Ռուսաստանի արևմտյան սահմաններ հեռու է, իսկ ահա Չեխիան չափազանց մոտիկ է: Մոսկվայի աշխարհաքաղաքական հաշվարկը, ըստ երևույթին, այն է, որ ռազմականացված Գերմանիան կարող է Երկրորդ համաշխարհային պատերազմում կորցրածը «վերականգնելու» գայթակղություն ունենալ, բացառված չեն Ֆրանսիա-Իտալիա, Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա հակասությունները: Եթե նման միտումներ դրսևորվեն, ապա «պան-Եվրոպան» չի կայանա: Ավելին՝ ներկայիս անվտանգային ընդհանրությունը կարող է փլուզվել:
Կա՞ արդյոք Եվրոպայի մասնատման ռուս-ամերիկյան «գաղտնի համաձայնություն»: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կասկածում է, որ Թրամփը ՆԱՏՕ-ն կազմաքանդելու ծրագիր ունի և կանխատեսում է գլոբալ անկայունություն, որտեղ դերակատարություն կունենա նաև Թուրքիան: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը մեղադրել է «գազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի» ժառանգությունն ուրանալու և եվրոպացիների գործիք դառնալու մեջ: Ուկրաինայում պատերազմը կշառավիղվի՞, ո՞ր ուղղությամբ:









































