Ադրբեջանական Turan լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Atlas հետազոտական կենտրոնի վերլուծությունը, որը նվիրված է կրեմլյան տանդեմի փոխատեղման ֆոնին ղարաբաղյան հակամարտության հեռանկարներին.
«Մի քանի ամիս անց Ռուսաստանում կավարտվի Դմիտրի Մեդվեդևի դարաշրջանը։ Վլադիմիր Պուտինը նորից պատրաստվում է զբաղեցնել նախագահական աթոռը և ընդունել Մեդվեդևի ներքին ու արտաքին քաղաքականությունից կիսատ մնացած գործերը։
Երեք տարի առաջ Դմիտրի Մեդվեդևը ձեռնամուխ եղավ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Չնայած նրա միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցան 10 հանդիպումներ, հակամարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չգրանցվեց։ Ավելին՝ կարելի է ասել, որ կողմերը բանակցությունների ժամանակ վերադարձան իրենց ելակետային դիրքերին։ Այժմ հերթը Պուտինինն է։ Սակայն ինչի՞ց է նա սկսելու։
Իր նախագահության տարիներին Պուտինն այդպիսի ուշադրություն չի հատկացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչը նկատելի է Մեդվեդևի ժամանակ։ Այն ժամանակ Պուտինը եթե անգամ իսկ կազմակերպել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հանդիպումը, ապա դա արել է ոչ կանոնավոր ձևով։
Դրա հետ մեկտեղ, հենց 2000 թվականին Պուտինի Կրեմլ գալով սկսվեց ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների ջերմացումը։ Մինչ այդ՝ նախագահ Բորիս Ելցինի ժամանակաշրջանում, երկու երկրների հարաբերությունները բավական լարված էին։ Կրեմլը փորձում էր խոչընդոտել Ադրբեջանին՝ սեփական էներգակիրներն այլընտրանքային ուղիներով եվրոպական շուկաներ հասցնելու հարցում, Ադրբեջանին մեղադրում էր չեչեն զինյալներին ուղղված զենքի ու ֆինանսների համար սեփական տարածքը տրամադրելու մեջ, իսկ պաշտոնական Բաքուն իր հերթին Մոսկվային մեղադրում էր ապօրինի կերպով Հայաստանին 1 միլիարդ դոլարի զենք և զինամթերք տալու մեջ։ Այլ կերպ ասած՝ օրակարգում գտնվում էին բազմաթիվ գլխացավանքային հարցեր։
Պուտինի Կրեմլ գալով՝ այդ հարցերը մղվեցին հետին պլան. պատերազմը Չեչնիայում ավարտվեց, Թուրքիայի ու Եվրոպայի ուղղությամբ խողովակաշարերը կառուցվեցին, իսկ պաշտոնական Բաքուն որոշեց մոռանալ Հայաստանին հատկացված զենքի մասին։ Արդյունքում, Պուտինն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց հենց դեպի Ադրբեջան։
Սակայն ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններում արձանագրված հարաբերական ջերմացումը ոչ մի նոր բան չփոխեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Պուտինի ժամանակ Ռուսաստանը շարունակեց 1990-ական թվականների սկզբի իր քաղաքականությունը, Կրեմլը շարունակում էր աջակցել Հայաստանին և շահագրգռված չէր հակամարտության կարգավորմամբ։ Հենց Պուտինի մերձավոր համակիր, Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը շրջանառության մեջ դրեց «Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստն է» թևավոր դարձած արտահայտությունը։
Արդյունքում, Պուտինի ժամանակաշրջանում Ռուսաստանից Հայաստանի կախվածությունն ավելի ուժեղացավ։ Հայաստանի իշխանությունները, պարտքերի փոխարեն, Ռուսաստանին հանձնեցին երկրի խոշոր գործարանները։ Պաշտոնական Երևանը կարծում էր, որ դրանից հետո այդ ձեռնարկությունները կաշխատեն ողջ հզորությամբ, և դրանով իսկ Հայաստանի տնտեսությունն առաջ կշարժվի մեռյալ կետից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեդվեդև-Պուտին տանդեմից նախապատվությունը տալիս է նրանցից առաջինին։ Այդ մասին են վկայում WikiLeaks-յան բացահայտումները, որոնցում նշված է, որ Ալիևն ամերիկացի դիվանագետների հետ զրույցի ժամանակ շարունակ դժգոհել է Պուտինից։ Դրանցից մեկի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ վստահում է Ղարաբաղին առնչվող Մեդվեդևի գործադրած ջանքերի անկեղծությանը, մինչդեռ Պուտինի պարագայում զգում է, որ նա կարող է այլ կարծիք ունենալ հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Պուտինի բարի մտադրությունների մասին դատելը դժվար է։ Երբ Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռյակը Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ էր վարում, Պուտինը Մոսկվայում կասկածելի հանդիպումներ էր անցկացնում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդպիսի պարագայում նրա միջնորդությունը նույնպես միտված չէ ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանը։ Այլ կերպ ասած՝ բանակցությունների պատրանքը շարունակվելու է»։











































